Չեխիան ԵՄ-ում նախագահության ժամանակ ուշադրությունը կկենտրոնացնի Ուկրաինայի վրա
Չեխիան ԵՄ-ի խորհրդում նախագահության ժամանակ ձգտելու է այն բանին, որպեսզի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը մնա Եվրամիության ուշադրության կենտրոնում: Այդ մասին հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին: «Մենք կընդգծենք, որ Եվրոպան չպետք է մոռանա Ուկրաինայի մասին»,-ասել է Լիպավսկին՝ հանդես գալով CNN հեռուստաալիքի եթերում:
«Դիվանագիտական բանակցությունները պետք է վարվեն առաջին հերթին հենց ուկրաինացիների կողմից: Բայց մենք ուկրաինացիներին պետք է պահենք խաղի մեջ»,-հավելել է նա, նշելով, որ Չեխիայի նախագահությունը չի ազդի այդ բանակցությունների վրա: Նախարարը նաեւ քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրունի խոսքը, որը հայտարարել է, թե «չի կարելի նվաստացնել Ռուսաստանին» դիվանագիտական միջոցներով Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու հնարավորություն ունենալու համար:
«Մակրոնը, հավանաբար, այնքան էլ ուշադրություն չի դարձնում այդ հարցին, Պուտինի համար միեւնույն է, թե Ռուսաստանին ինչպես կընկալեն Արեւմուտքում»,-ամփոփել է Լիպավսկին: ԵՄ-ում Չեխիայի՝ կես տարի տեւող նախագահությունը կսկսվի հուլիսի 1-ին: Այժմ Եվրոպական խորհրդի նախագահը Ֆրանսիան է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: