Բաժիններ՝

Հայաստանի ուսուցիչների 12%-ը 65 տարեկանից բարձր են

Նախորդ շաբաթվա հրապարակման մեջ նշել էինք, որ վերջին մեկ տարում Հայաստանի դպրոցների ուսուցիչների թիվը շուրջ 900-ով նվազել է։ Այս հրապարակման մեջ փորձենք հասկանալ, թե ինչ փոփոխություններ են արձանագրվել ուսուցիչներին վերաբերող վիճակագրական տվյալներում։  Այս հրապարակման մեջ օգտագործված տվյալները պաշտոնական են և վերցված են Վիճակագրության պետական կոմիտեի հրապարակումներից։

Ուսուցիչների թվի նվազման տրամաբանական պատճառ կարող էր համարվել աշակերտների թվի նվազումը։ Բայց իրականում Հայաստանի աշակերտների թիվը վերջին մեկ տարում աճել է շուրջ 4500-ով։ Այդ աճի պատճառներից մեկը ներգաղթի դրական սալդոն է։ Օրինակ՝ վերջին մեկ տարում Հայաստան ներգաղթած աշակերտների թիվը 300-ով գերազանցել է արտագաղթած աշակերտների թվին։ Ներգաղթի շատ ավելի մեծ դրական սալդո է արձանագրվել է 2020-2021 թվականին՝ 2500։ Կարող ենք ենթադրել, որ ուսուցիչների թվի կրճատման վրա որոշ չափով ազդել են կորոնավիրուսից արձանագրված մահերը։ Բայց մեծ մասամբ ուսուցիչների թվի նվազման պատճառն աշխատանքից դուրս եկածների թվի աճն է։

Դիտարկենք ուսուցիչների ծանրաբեռնվածության դինամիկան։ Այստեղ տարօրինակ տվյալ կա 1.5 դրույքից ավելի դասավանդող ուսուցիչների շրջանում։ Եթե 2020-2021 ուսումնական տարում 1.5 դրույքից ավելի դասավանդել է 807 ուսուցիչ, ապա այս ուսումնական տարում նման ուսուցիչների թիվը դարձել է 262։ Դժվար է հասկանալ, թե ինչու է նման կտրուկ նվազում արձանագրվել մեկ տարում։ Հետաքրքիր է, որ 2017թ.-ին նման ուսուցիչների թիվը եղել է 181։ Այսինքն՝ արձանագրվել է շեշտակի աճ և շեշտակի անկում։ Վերջին մեկ տարում շուրջ 400-ով նվազել է նաև 1.25-1.5 դրույք ունեցող ուսուցիչների թիվը։ Մինչև 1.25 դրույք ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցիչների թվում էական տատանումներ չկան։

Թերևս, ամենամտահոգիչն այն է, որ Հայաստանի ուսուցիչների ծերացման միտումը շարունակվում է կտրուկ տեմպերով։ Էականորեն նվազել է մինչև 30 տարեկան ուսուցիչների թիվը։ Փոխարենը՝ էականորեն աճել է 65-ից բարձր ուսուցիչների թիվը։ Վերջին 5 տարում 65 և բարձր տարիքի ուսուցիչների թիվը կրկնապատկվել է։ 2017-2018 ուսումնական տարում 65 և բարձր տարիքի ուսուցիչների թիվը եղել է 1758, իսկ այս տարի այդ թիվը դարձել է 3559։ Հայաստանի ուսուցիչների 12%-ը 65 տարեկանից բարձր է։ Շեշտակի նվազել է նաև մինչև 25 տարեկան ուսուցիչների թիվը։ Եթե 2017-2018 ուսումնական տարում մինչև 25 տարեկան ուսուցիչների թիվը 1516 էր, ապա այս ուսումնական տարում այդ թիվն արդեն 534 է։ 5 տարում գրեթե 3 անգամ պակասել է մինչև 25 տարեկան ուսուցիչների թիվը։ Մեծ նվազում կա նաև 25-29 տարեկան ուսուցիչների թվի մեջ։ Եթե 2017-2018 ուսումնական տարում ունեցել ենք 25-29 տարեկան 3686 ուսուցիչ, ապա այժմ ունենք այդ տարիքի ընդամենը 2033 ուսուցիչ։

Այսպիսով, ակնհայտ երևում է, որ ունենք խնդիր։ Մինչև 30 տարեկան ուսուցիչների թիվը շատ ավելի քիչ է, քան 65 տարեկանից բարձր ուսուցիչների թիվը։ 5 տարի առաջ մինչև 30 տարեկան ուսուցիչների թիվը 3 անգամ ավելի շատ էր, քան 65 տարեկանից բարձր ուսուցիչների թիվը։ Այնպես չէ, որ 65 տարեկանից բարձր տարիք ունեցող ուսուցիչները շատ են ցանկանում մնալ դպրոցում։ Նրանց մի մասին տնօրենները պահում են դպրոցում, քանի որ փոխարինողներ չունեն։

Նախարարությունը փորձում է կամավոր ատեստավորման, ուսուցիչ աշխատելու պահանջները մեղմացնելու, ուսուցիչների որոշ մասի աշխատավարձը բարձրացնելու միջոցով մեղմել իրավիճակը։ Բայց շատ դժվար է լինելու։ Ուսուցչի աշխատանքն այսօր գրավիչ չէ ոչ միայն ֆինանսական պատճառներով, այլև բարոյահոգեբանական պատճառներով։ Մարդիկ չեն ուզում ուսուցիչ աշխատել, քանի որ այդ աշխատանքը դժվար է անել։ Ի տարբերություն մի շարք այլ աշխատանքների, որոնցում կարելի է գլուխ պահել, ուսուցիչ աշխատելիս չես կարող գլուխ պահել։ Բազմաթիվ գրասենյակներում մարդկանց մի մասը լավ աշխատում է, մյուսները նրանց ստվերում յոլա են տանում։ Բայց եթե մտնում ես դասարան, ուրեմն պարտավոր ես 45 րոպե լարված աշխատել։ Չես կարող ուրիշի վրա գցել, չես կարող թաքնվել, ուրիշը չի պարապելու քո դասը։ Այլ կերպ ասած, ուսուցչի աշխատանքը իրական աշխատանք է, որը, ցավոք, շատ ցածր է գնահատվում։ Լինելով ծանր աշխատանք, ուսուցչի կատարածը չի արժանանում պատշաճ հարգանքի։ Ապացուցված է, որ մարդկանց համար կարևոր է ոչ միայն նյութական խրախուսումը, այլև հասարակության վերաբերմունքը մասնագիտական տվյալ խմբին։

Ի՞նչ կարող է լինել մեզ հետ, եթե չհաջողվի կարճ ժամանակում ուսուցչի աշխատանքը դարձնել գրավիչ։ Ստիպված ենք լինելու ավելացնել այն ուսուցիչների թիվը, որոնք դասավանդում են մեկից ավելի առարկա։ Ստիպված ենք լինելու ավելացնել հեռավար դասավանդող ուսուցիչների թիվը։ Բայց սրանք էլ կարող են չբավարարել։ Հնարավոր է՝ շատ դպրոցներում որոշ առարկաներ չդասավանդվեն։ Հնարավոր է՝ շատ դպրոցներում առարկաներն ինտեգրվեն, որպեսզի մեկ մարդ դասավանդի։ Բայց ամենակարևոր բանն այն է, որ այլևս ռիսկային կլինի դասարանների խտության նվազեցումը։ Ներկայումս քննարկումներ կան, որ հնարավոր է դասարանում աշակերտների թիվը 30-35-ից նվազեցվի մինչև 25 հոգի։ Բայց այս փոփոխության պարագայում Հայաստանին ավելի շատ ուսուցիչներ անհրաժեշտ կլինեն։ Բայց եթե մենք ունենք մանկավարժական բուհեր ընդունվողների թվի նվազում, ուսուցիչների թվի նվազում, ինչպե՞ս ենք ավելի շատ ուսուցիչներ գտնելու։ Եթե առաջիկա տարիներին ուսուցիչների պակասի խնդիրը չլուծվի, չի բացառվում, որ մենք ստիպված լինենք դասարանների խտությունը բարձրացնել մինչև 40 աշակերտի, որպեսզի բոլոր երեխաներն ուսուցիչ ունենան։

Այս պատմության մեջ ամենացավալին այն է, որ ուսուցիչների թվի նվազումը հանրային ուշադրության չի արժանանում։ Թվում է, թե Վիճակագրության կոմիտեի հրապարակումից հետո մեծ իրարանցում պիտի լիներ։ Ի վերջո, մեկ տարում 877 ուսուցիչ է պակասել։ 5 տարում 65 տարեկանից բարձր ուսուցիչների թիվը կրկնապատկվել է։ 3 անգամ էլ նվազել է մինչև 25 տարեկան ուսուցիչների թիվը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս