«Եթե պետք է ընդամենը սուպ պատրաստես, 3 հատ կարտոֆիլ ես վերցնում՝ հույսով, որ վաղն ավելի էժան կլինի»․ գնաճի վերաբերյալ հարցում Երևանում

Հայաստանում աննախադեպ գնաճը շարունակվում է, թանկացել են ալյուրը, շաքարավազը, բուսայուղը, միսը, կաթնամթերքը, միրգը, բանջարեղենը։ Միայն բանջարեղենի շուկայում այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գնաճը կազմել է ավելի քան 51 տոկոս։

Վերջին օրերին լուրջ քննարկման թեմա էր դարձել, հատկապես, կարտոֆիլի ռեկորդներ սահմանած գինը՝ միջինում 1000 դրամ, որոշ խանութներում կարտոֆիլի 1 կիլոգրամը հասնում էր մինչև 1500 դրամի։ Տարօրինակ էր նաև, որ հին կարտոֆիլի գինը երբեմն ավելի բարձր էր, քան նորինը, մի բան, որ երբեք չէր եղել Հայաստանում:

Բազմաթիվ քաղաքացիներ սոցիալական ցանցերում կարտոֆիլի ռեկորդային գնի վերաբերյալ գրառումներ էին կատարում՝ հաճախ զայրացած, բայց երբեմն՝ հումորով: Իսկ հումորը ծիծաղելի կլիներ, եթե իրականությունն այսքան տխուր չլիներ՝ մարդիկ ստիպված կարտոֆիլը հատով են գնում, մի բան, որը նախկինում չէր եղել Հայաստանում:

168.am-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներով՝ քաղաքացիների վերաբերմունքը գնաճի վերաբերյալ պարզելու նպատակով։

Թանկացումներ նկատո՞ւմ եք, հատկապես ի՞նչն է թանկացել՝ հարցնում էինք։

«Բոլոր տեսակի ապրանքները թանկացել են, և՛ տնտեսական և՛ սնունդը, և ամեն ինչը։ Ուզում եք՝ հատ-հատ ասեմ, շամպունն արժեր 500 դրամ, հիմա արժե 1000 դրամ, եթե խնձերը, կլուբնիկը առաջ արժեր 300 դրամ, հիմա արժե 1500-2000 դրամ»,- ասաց մի տղամարդ։

Արտաշատի բնակիչ 70 տարեկան մի կին էլ Երևան էր եկել խաղողի տերև վաճառելու համար, մեզ հետ զրույցում ևս դժգոհեց թանկացումներից․

«Ամեն ինչն էլ թանկ է։ 20.000 դրամով մտնում ենք խանութ, առածներս մի պուճուր բան է, շատ դժգոհ ենք․․․»։

Թանկացումների վերաբերյալ հարցին մի կին էլ այսպիսի պատասխան տվեց․

«Բոլորը թանկացել է, ուսուցչի համար շատ դժվար է»։

Հարցված քաղաքացիներից մեկ ուրիշն էլ ասաց, որ թանկացումներ բոլոր ոլորտներում կան, ապա նշեց, որ կարտոֆիլի ռեկորդային գնի վերաբերյալ լրատվամիջոցներով բարձրաձայնելուց հետո գների նվազում է նկատվում։

«Աղմուկը, որ բարձրացավ, կարտոֆիլի գինը 700-800-ից իջավ մինչև 400 դրամ։ Իհարկե, կա նաև 550 և ավելի գնով կարտոֆիլ, բայց գոհ ենք, որ 700-800 չի։ Բիբարը որ հատով են վաճառում, ոչինչ, բայց կարտոֆիլը հատով՝ շատ ծանր բան էր։ Եթե պետք է ընդամենը մի հատ սուպ պատրաստես, 3 հատ կարտոֆիլ ես վերցնում՝ հույսով, որ վաղն ավելի էժան կլինի․․․»։

Հարցվածներից մեկն էլ դժգոհեց շուկայի վերահսկողության բացակայությունից․

«Հայաստանում գների կոմիտե գոյություն չունի, որովհետև րոպե չէ, վայրկյան առ վայրկյան ամեն ինչը թանկանում է․․․»։

Հարցված 21 քաղաքացիներից գտնվեց մեկը, որը պնդեց՝ թանկացում չկա․

«Նորմալ է, միսը չի՛ թանկացել ոչ մի դրամ»։

Հարցին՝ իսկ կարտոֆի՞լը, տիկինն այսպես արձագանքեց․

«Ո՞ւմ կուսակցությունն եք, ո՞ր հեռուստաընկերությունից»։

Լսելով՝ 168.am, կուսակցություն չէ պատասխանը, քաղաքացին չշարունակեց խոսել և շարունակեց ճանապարհը։

Տարեց մի կին էլ ասաց, որ գնաճը շարունակվում է, ամեն օր ապրանքների գներն աճում են․

«Քնում ես, վեր կենում, գնում ես խանութ, տեսնում ես՝ թանկացել է 10 դրամով, 100 դրամով, 150 դրամով։ Թոշակառուն ի՞նչ անի, 35.000-40.000 դրամ թոշակ ստացողը կարա՞ մի ամիս ապրի»։

Հարցված տղամարդկանից մեկը ևս դժգոհելով ասաց՝ մի բան չկա, որ թանկացած չլինի․

«Կարտոշկի կիլոն՝ 1000-1500 դրամ, լոլիկը՝ 1000-2000 դրամ, էժան բան գոյություն չունի։ 30-40 հազար դրամ թոշակ ստացողն իրավունք չունի մսի անուն տալու, միսը ևս անխնա թանկացել է, անխնա ձևով Հայաստանում ամեն ինչ թանկացել է։ Մանավանդ, եթե տոնական օրեր են գալիս, 2-3 օր առաջ ամեն ինչը կրկնակի, եռակի թանկանում է, մի հատ տիրություն անող չկա․․․»։

Մի տղամարդ էլ, որ պետական համակարգում էր աշխատում, և ինչպես ինքն ասաց՝ բավականին բարձր աշխատավարձ է ստանում, ասաց, որ շուկայից է առևտուր անում և հիմա գների կրկնակի աճ է նկատում․

«Ես ամեն օր շուկայից առևտուր եմ անում, այն ժամանակ առնում էի 3000 դրամի, հիմա՝ հունիսին, առնում եմ 5000-6000-ի, նույն ապրանքները։ Եթե ծիրանը դարձել է 2500 դրամ՝ անանասից 10 անգամ թանկ, պատկերացրեք՝ ի՞նչ է սպասվում այս ժողովրդին․․․»։

Նշենք, որ երիտասարդները հիմնականում խուսափում էին տեսախցիկի առջև խոսել։ Տարեց քաղաքացիներն էլ, բացի սննդամթերքի թանկ լինելուց, դժգոհում էին նաև դեղերի գնաճից։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս