Լավրովի հայտարարությունները բազմաթիվ հարցեր առաջացրին, որոնց պատասխաններն այս պահին չունենք. Տաթև Հայրապետյան

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկվանից պաշտոնական այցով Երևանում էր: Նա Հայաստան էր եկել Անկարայից, որտեղ հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Հունիսի 9-ին օրվա առաջին կեսին տեղի է ունեցել  ՌԴ և ՀՀ արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի առանձնազրույցը: Արդեն երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր  Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր. «Այս պահին մեր օրակարգի գլխավոր հարցը կապված է տարածաշրջանային իրավիճակի և անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ»:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն էլ կեսօրին  Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հիշեցրել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները 2020 թվականին տեղի ունեցած լայնածավալ պատերազմից հետո եռակողմ երեք հանդիպում են ունեցել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման և հարաբերությունների կարգավորման հետ կապված գործնական հարցերը լուծելու նպատակով:

Լավրովի այցը Հայաստան, քննարկված հարցերի շրջանակն ու արդյունքները 168.am-ի հետ զրույցում գնահատել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Եվս մեկ անգամ շեշտվեց ռուսական խաղաղապահ առաքելության կարևորությունը Լեռնային Ղարաբաղում, որի մասին խոսեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Կարևորվեցին հումանիտար խնդիրները: Բացի այդ, հայկական կողմը շեշտեց խնդրի քաղաքական կարգավորման կարևորությունը, և, որ հարցը պետք է քննարկվի բացառապես ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով, սակայն, ցավոք, կրկին խոսքը բոլոր իրավունքների մասին էր, բացի ինքնորոշման իրավունքից, որը ՄԽ կողմից ամրագրված երեք սկզբունքներից մեկն է»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը:

Անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղի շուրջ զարգացումներին, փորձագետը նշեց, որ դելիմիտացիայի շրջանակներում Փառուխի խնդիրը լուծելու մասին Լավրովի հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք կարող է տալ, որովհետև նույն Լավրովն ամիսներ առաջ հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիրը պետք է տարբերակել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործընթացից: Իսկ հիմա խոսում է Փառուխում հնարավոր դելիմիտացիայի մասին: Այս հայտարարությունը սուր արձագանք է գտել Ադրբեջանում: Նրանք դա համարել են ընդգծված հակաադրբեջանական դիրքորոշում: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, նշել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի կողմից հաստատված սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովները, ինչպես և նախկինում է հայտարարվել, կոչված են զբաղվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայով: Այդ գործընթացի շրջանակներում չի նախատեսվում հայ–ադրբեջանական պետական սահմանից զատ այլ խնդիրների դիտարկում, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում»:

Լավրով-Միրզոյան հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ապաշրջափակման վերաբերյալ հարցերը:

«Ակնհայտ է, որ ապաշրջափակման հարցերի շուրջ, անկախ տարբեր աշխարհաքաղաքական մոտեցումներից, Ռուսաստանն ու Արևմուտքն ըստ էության կոմպրոմիս ունեն, որ անհրաժեշտ է գնալ ապաշրջափակման: Խոսվեց «միջանցքի» տրամաբանության մասին: Հայկական և ռուսական կողմերը նշեցին, որ «միջանցքի» տրամաբանությունն անթույլատրելի է, բայց ռուսական կողմի արձագանքում խոսվում էր «հեշտացված» կարգով հնարավոր կոմունիկացիաների մասին: Դժվարանում եմ ասել, թե դա իրականում ինչ է նշանակում: Արդյո՞ք հայկական կողմը հնարավորություն ունենալու է կանգնեցնել և ստուգել ադրբեջանական գնացքները, թե՞ ոչ:  Բազմաթիվ հարցեր առաջացան, որոնց պարզաբանումներն այս պահին չունենք»,- մանրամասնեց Տաթևիկ Հայրապետյանը:

Գնահատելով Լավրովի այցն ընդհանրապես, փորձագետը նշեց. «Այսօր Ռուսաստանի օրակարգի առաջնահերթ հարցը Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակն է: Լավրովը Հայաստան ժամանեց Անկարայից, որտեղ մեկնել էր հենց Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով: Ռուսաստանի գլխավոր նպատակն այս պահին Հարավային Կովկասում ձեռքը զարկերակին պահելն է, քանի որ տեսնում է Արևմուտքի ակնհայտ հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունը՝ Ռուսաստանին  այլընտրանք դառնալու, Ռուսաստանի դերը նվազեցնելու կամ գուցե Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելու հարցում»:

Նրա խոսքով, Ռուսաստանն այդ նպատակով է հատուկ շեշտում, որ սահմանազատման գործընթացների համար քարտեզներն իր ձեռքում են:

Տաթև Հայրապետյանն արձանագրում է, որ հայկական կողմը հրաժարվել է իր համար կարևորագույն սկզբունքներից, որ մինչև ադրբեջանական ուժերը դուրս չգան Հայաստանի տարածքից, չեն սկսի սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Դա շատ վտանգավոր է, որովհետև որոշ պաշտոնյաներ հաճախ հայտարարում են, որ ամեն պահի իրավիճակ է փոխվում, բայց ցանկացած պետություն ունի իր համար կարևոր կետեր, որոնց վերաբերյալ մշտապես պահպանում է դիրքորոշումը՝ անկախ իրավիճակային փոփոխություններից:

«Եթե այսօր մեր պետությունը բարդ իրավիճակում է, դա չի նշանակում, որ 10 տարի, 20 տարի հետո չենք ունենա հնարավորություններ: Եթե մենք հրաժարվում ենք իրավունքներից, օրինակ՝ Արցախի հարցում ազգերի ինքնորոշման իրավունքից, որովհետև իրավիճակն է ստիպում, ապա հետագայում իրավիճակի փոփոխության դեպքում  մենք չենք կարողանա օգտվել մեր հնարավորություններից: Երբ 1921թ. Կովկասյան բյուրոն նման որոշում էր կայացնում (որի արդյունքում Արցախն անջատվեց նորաստեղծ Խորհրդային Հայաստանից և բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին.- Ա.Դ.), ոչ մեկը չէր պատկերացնում, որ տասնամյակներ անց    Լեռնային Ղարաբաղում հնարավոր է հասնել 90-ականների իրավիճակին: Այսինքն՝ հնարավորությունները երբեմն պարզապես ստեղծվում են ժողովուրդների և պետությունների համար: Խնդիրն այն է, թե որքանով են ժողովուրդներն ու պետություններն ունակ պահելու և պաշպանելու իրենց իրավունքները, օգտվելու դրանցից և հնարավորությունը բաց չթողնելու: Հաղթանակները պահել կարողանալը, իսկ պարտությունները դատավճիռ չդարձնելը նույնպես շնորհք է»,- եզրափակեց Ադրբեջանի հարցերով փորձագետը:

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս