Ոչ դիվանագիտական գործելակերպ՝ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերություններում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում Միրզոյան-Լավրով մամուլի ասուլիսը բավականին ուշագրավ շեշտադրումներ էր պարունակում, որոնք դեռ երկար կքննարկվեն ու կպարզաբանվեն:

Հետաքրքրական դրվագներից մեկը հայկական կողմի  անդրադարձն էր ԼՂ Փառուխ գյուղ ադրբեջանական ուժերի ներխուժմանը, ինչը, իհարկե, հակամարտության գոտու հետպատերազմյան ամենալուրջ խնդիրներից ու իրավիճակներից մեկն է, որը ծագել է ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում:

Ասուլիսի բացման խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև այս հարցին: Նա մասնավորապես նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դերակատարություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կասեցնելու գործում. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ որպես սադրանքները կանխելու և Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործոն, կոչված է պայմաններ ստեղծելու մեր տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման, կայունության և անվտանգության ապահովման համար։ «Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս-քվոն՝ մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ։

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը` ուղղված 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական և հրատապ է հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Այս ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք։ Միևնույն ժամանակ, ռազմական գործողությունների ավարտից գրեթե մեկուկես-երկու տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է Հայտարարության դրույթների կատարումը և հրաժարվում վերադարձնել հայ ռազմագերիներին և մյուս պահվող անձանց։ Հույս ունենք, որ ռուսական կողմը էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Դիվանագիտական խոսքին ու տողատակերին ծանոթ վերլուծաբանները կհասկանան, որ այս ձևակերպումներով հայկական կողմն ուղիղ դժգոհություն է հայտնում ԼՂ-ում ռուս խաղաղապահ առաքելության գործունեության վերաբերյալ, հստակեցնում, որ բավարարված չէ այդ գործունեությունից:

Բնականաբար, այս համատեքստում հարկ է ընդգծել, որ Փառուխ գյուղ ադրբեջանական ներխուժման հարցն իսկապես ամենաէական խնդիրներից մեկն է, ու այն պետք է հանգամանալից քննության առարկա դառնա, այդ թվում՝ ռուսական կողմը դրան պետք է հիմնավոր  պարզաբանում տա:

Ի դեպ, ասուլիսի՝ երկկողմ նախապես համաձայնեցված 4 հարցերից մեկը հենց Փառուխի մասին էր, ուղղված Սերգեյ Լավրովին, որը հնչեց հայկական լրատվամիջոցից:

Այստեղ հարկ է ընդգծել, որ ասուլիսի ընթացքում կամ դրանից անմիջապես առաջ պարզապես թույլ չտրվեց հարց ուղղելու համար գրանցվել՝ պարզաբանմամբ, որ հարցերը նախապես համաձայնեցվում են, իբրև թե ռուսական կողմի պահանջն է, բայց վստահաբար այսկերպ ՀՀ դիվանագիտական  գերատեսչությունը ֆիլտրում է հարցերը և թույլ տալիս հնչեցնել միայն այն հարցերը, որոնք ինքն է արտոնում, և Փառուխի մասին հարցն այդ արտոնված, համաձայնեցված հարցերից մեկն էր:

Լավրովն այդ հարցին պատասխանեց, որ ռուս զինվորականները և իրենց հայ ընկերներն այդ մասին լավ տեղեկացված են, որ ռուսական կողմը թեման պահում է իր առաջնահերթությունների շարքում:

«Կան արդեն իսկ արդյունքներ իրավիճակի ապաէսկալացիայի տեսքով, և մենք ընկալում ունենք, որ սկսվող դելիմիտացիայի առարկայական գործընթացի շրջանակում այդ հարցերը դիտարկվելու են և անպայմանորեն լուծվելու»,- ասաց Լավրովը:

Սակայն ամենաուշագրավն այն է, որ ռուսական կողմն այս «կսմիթները» պարզապես անտեսում է:

168.am-ի ռուսական աղբյուրների փոխանցմամբ, Ռուսաստանում տեսնում են, որ ինչպես ՀՀ ԱԳՆ ղեկավարը, այնպես էլ ՀՀ բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները խուսափում են խոսել ԼՂ սուբյեկտայնության մասին, ձևակերպում են լղոզված հայտարարություններ, որոնք հասկանալի չեն որևէ մեկի համար, խոսում են ԼՂ կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին, թվում է՝ հրաժարվել են անկախ ԼՂ-ի գաղափարից և համամիտ են Ադրբեջանի բոլոր առաջարկների հետ:

Մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց նաև Բաքվին Երևանից փոխանցված 6 առաջարկների վրա, որում չկա հստակություն ԼՂ կարգավիճակի վերաբերյալ:

«Երբ այս ամենի հետ մեկտեղ՝ ռուսական կողմին Ռուսաստանի համար նման բարդ ժամանակահատվածում այս հարցերը հրապարակային բարձրացվում են, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հեղինակությունը հարվածի տակ դնում, և դա այն դեպքում, երբ ՀՀ ղեկավարը չի մեկնում Ղարաբաղ, չի «բացվում» կարգավիճակի թեման, ապա տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե ԼՂ–ի գյուղն է իսկապես մտահոգում ՀՀ իշխանություններին, այլ այս հարցը պարզապես օգտագործվում է Ռուսաստանի դեմ: Եթե չեմ սխալվում, պատերազմից հետո ՀՀ տարածք ներխուժումներ ևս եղել են, դրա համար ո՞ւմ են մեղադրում: Չի հերքվում, որ խնդիր է առաջացել, այն պետք է լուծում ստանա, այդ մասին հրապարակային հայտարարվեց, սակայն նաև նկատվում է, որ այդ ուղղությամբ հայկական կողմն անում է հրապարակային հայտարարություններ ՌԴ-ին հարվածելու և ոչ՝ խնդիրը լուծելու համար, քանի որ տպավորություն է, թե  կարգավիճակի հարցում կա կոնսենսուս, այսինքն՝ Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի առաջարկներին: Այդ դեպքում գյուղի հարցի բարձրացումը արհեստական թեմա է դառնում»,- նկատեց մեր զրուցակիցը:

Հասկանալի է, որ նման տեղեկությունները հերքելու կամ հաստատելու որևէ մեխանիզմ գործնականում գոյություն չունի։ Անկհայտ է, որ ֆորմալ առումով հայկական կողմը միանշանակ կհերքի այն։ Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է նաև, որ հայ-ռուսական հարաբերություններում ներկայումս առկա, մեղմ ասած, ոչ հարթ վիճակը պայմանավորված է Հայաստանի իշխանության երկակի գործելակերպով՝ դիվանագիտական աշխատանքն ու հրապարակային քաղաքականությունը հաճախ խառնելու փորձերով, որոնք առնվազն լուրջ չեն կարող ընդունվել արտաքին քաղաքական հարաբերություններում։ Դրանից, իհարկե, չի բխում, որ ռուսական կողմն ամբողջովին ազնիվ կամ անկեղծ է իր մղումներում, հասկանալի է, որ ՌԴ-ն էլ այս հարաբերություններում հետապնդում է առաջին հերթին իր շահերը։ Ողջ խնդիրն այն է, որ հայ հասարակության առնվազն մի հատվածի համար միանշանակ չէ, որ Հայաստանի գործող իշխանությունն իր հերթին հետապնդում է Հայաստանի և ոչ՝ աշխարհաքաղաքական առևտրի, այդ թվում՝ Հայաստանի շահերին հակասող նպատակներ։

Տեսանյութեր

Լրահոս