Աշխարհաքաղաքական մթնոլորտը և ՌԴ-Արևմուտք հարաբերությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նպաստավոր չեն. Մենագարիշվի

«Դժվար է պատկերացնել կառուցողական գործընթաց, երբ մեկ հանդիպում պետք է լինի Մոսկվայում, մյուսը՝ Բրյուսելում, և մի պարագայում, երբ Մոսկվան ու Բրյուսելը պայքարում են գործընթացում միջնորդության առաջին տեղի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական իրավիճակին ու տարածաշրջանային զարգացումներին:

Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ ցանկանանք, թե ոչ՝ աշխարհաքաղաքական հետագա զարգացումները մեծապես կախված են այն ամենից, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, և նրանից, թե ինչպես կավարտվի պատերազմը Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևմուտքի համար:

Ըստ նրա, պատերազմն ունի երկու հնարավոր ելք՝ Ռուսաստանի պարտություն ու Ուկրաինայի չեզոք կարգավիճակ, որոնք երկուսն էլ ներկայումս հնարավոր են:

«Ե՛վ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի, և՛ Արևմուտքի համար շատ զարգացումներ անկանխատեսելի են ընթանում: Օրինակ, Ռուսաստանը հայտարարեց, որ օպերացիա է իրականացնում, սակայն պատերազմը գնաց այլ ճանապարհով, Ռուսաստանը չկարողացավ իր առջև դրված խնդիրն իրագործել մի քանի օրվա ընթացքում, որը լավագույն սցենարը կլիներ Ռուսաստանի համար, քանի որ Ուկրաինան ուժեղ դիմադրեց, ինչպես նաև ստացավ աննախադեպ աջակցություն Արևմուտքից ամեն տեսքով:

Միևնույն ժամանակ նույն եվրոպական երկրների շարքում քիչ չեն նրանք, որոնք ևս կարծում են, որ Ուկրաինան պետք է չեզոք կարգավիճակ ստանձնի: Այսինքն՝ միանշանակ ասել, թե ինչ կլինի, շատ բարդ է, քանի որ ընթանում է պատերազմ, ռազմական հողի վրա էլ որոշվում են հարցերը:

Միանշանակ կարելի է ասել, որ առանձնահատուկ շտապողականություն Ռուսաստանի կողմից կարծես չկա, այսինքն՝ գործի դրվեց մյուս սցենարը: Ստեղծված իրավիճակում նույնիսկ Բայդենի հայտարարությունները միանշանակ չեն ընկալվում ժամանակ առ ժամանակ, տեղ է թողնվում տարատեսակ վերլուծությունների համար: Այս ֆոնին Վրաստանը՝  Ռուսաստանի հետ ունենալով իր ցավոտ խնդիրները, փորձում է շատ աչքի չընկնել, քանի որ չունի մեծ ռեսուրսներ այս դիմակայության հարցում: Վրաստանը, ինչպես և շատ երկրներ, սպասում են Ուկրաինայի պատերազմի ավարտին, որևէ բեկումնային արտաքին քաղաքական պրոյեկտ չի իրականացնում, նույնիսկ ակտիվ Վրաստանի ընթացքը դեպի եվրաատլանտյան կառույցներ անորոշ է, քանի որ ո՛չ Վրաստանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն իրականում նման իրավիճակում նման համարձակ քայլերի պատրաստ չեն: Առավելապես դրան պատրաստ չէ ԵՄ-ն, թեև Վրաստանը դիմել է ԵՄ անդամակցության համար, սակայն նկատելի չէ, որ այդ հարցը ԵՄ-ն ակտիվորեն դիտարկում է»,- ասաց վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին և ԵՄ-ի հովանու ներքո ընթացող Հայաստան-Ադրբեջան բանակցություններին՝ Մենագարիշվիլին ասաց, որ այդ հարցում ևս ամեն ինչ հեշտ չէ կարծես, քանի որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների թեման լիարժեքորեն վերածվել է Ռուսաստան-ԵՄ դիմակայության օբյեկտի:

«Բնականաբար, նման հակամարտության դեպքում, երբ հավելյալ ծանր իրավիճակ է այն հարցի շուրջ, թե ով է միջնորդելու, այդ միջնորդներն էլ իրենց հերթին՝ ոչ բոլոր հարցերի վերաբերյալ նույնական մոտեցումներ ունեն, շատ անորոշ իրավիճակ է: Պատերազմից հետո ևս հակամարտության գոտում բավականին բարդ խնդիրներ կան՝ և հումանիտար հարցերը, և կարգավիճակի հարցը, և հնարավոր լուծումների հարցում հասարակությունների վերաբերմունքը: Այս ամենը թույլ չի տալիս մտածել մոտալուտ լուծումների մասին:

Դժվար է պատկերացնել կառուցողական գործընթաց, երբ մեկ հանդիպում պետք է լինի Մոսկվայում, մյուսը՝ Բրյուսելում, և մի պարագայում, երբ Մոսկվան ու Բրյուսելը պայքարում են գործընթացում միջնորդության առաջին տեղի համար: Այս շրջանում, ըստ իս, այս անորոշությունը և նյարդային պայքարը շարունակվելու է, ցավոք, մեծացնելով կողմերի միջև լարումը:

Ընդհանուր աշխարհաքաղաքական մթնոլորտը և ՌԴ-Արևմուտք հարաբերությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նպաստավոր չեն, որքան էլ ցավալի է դա գիտակցելը: Պարզապես պետք է թույլ չտալ ռազմական լարումներ և տարածաշրջանում սերտ համագործակցություն պետք է լինի»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս