ԱՄՆ-ը պատրաստ չէ պատժամիջոցները մեղմացնել Սև ծովով հացահատիկի արտահանման փոխարեն
ԱՄՆ-ը պատրաստ չէ գնալ հակառուսական պատժամիջոցների մեղմացման Սեւ ծովով հացահատիկի արտահանումը վերսկսելու փոխարեն: Այդ մասին հաղորդել է Politico-ն՝ վկայակոչելով նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաներին: ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է Սեւ ծովով հացահատիկի արտահանումը վերսկսելու շուրջ բանակցությունների ընթացքին, որոնք ՌԴ-ի հետ վարում են ՄԱԿ-ը եւ Թուրքիան:
ԱՄՆ-ի մի պաշտոնյա, որը զրույց է ունեցել թերթի հետ, հայտնել է, որ ԱՄՆ-ը չի համաձայնի այն գործարքին, որը «որեւէ տնտեսական ճնշում կմեղմացնի» Մոսկվայի նկատմամբ: Անունը չնշած ՄԱԿ-ի ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ ՌԴ-ի հացահատիկի արտահանումը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները հանելու հետ կապելը «դժվարացնում է» «փխրուն» բանակցությունները: Ավելի վաղ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հերյուրանք է համարել այն պնդումները, թե Ռուսաստանը դուրս չի թողնում ուկրաինական հացահատիկը նավահանգիստներից: «Դա հերյուրանք է»,-ասել է Պուտինը «Մոսկվա:
Կրեմլ:Պուտին» ծրագրի («Ռոսիա-1» հեռուստաալիք) հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ արձագանքելով համապատասխան մեղադրանքին: Նա նշել է, որ աշխարհում տարեկան արտադրվում է մոտավորապես 800 մլն տոննա ցորեն, իսկ Ուկրաինան արտահանել է 20 մլն տոննա. տոկոսային հարաբերությամբ դա չնչին է: Նա հերքել է այն մեղադրանքները, թե Ռուսաստանը խոչընդոտում է ուկրաինական հացահատիկի արտահանմանը՝ օրինակ բերելով մի քանի տարբերակներ, թե ինչպես դա կարելի է անել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: