«Կողքիս տարեց մարդուն ծեծեցին, իսկ երիտասարդ աղջկա մեջքին ոստիկանը հարվածում էր ոտքով». Աննա Գրիգորյան

«Երեկ ժողովրդի նկատմամբ իրականացվածը, իհարկե, իրավական գնահատականի կարժանանա, ես կուզենամ մի քիչ բարոյական և քաղաքական տեսանկյունից գնահատականներ հնչեցնել: Ես ունեմ հստակ պատկերացում այն մասին, որ ոստիկանությանը տրված հստակ հրաման կա, որ անխնա, առանց տարբերակելու՝ ում նկատմամբ պետք է ուժ կիրառվի, ուժ կիրառել նույնիսկ երեխայի, կնոջ, տարեց մարդու նկատմամբ»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորների ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Նա պատմեց, որ իր կողքին կանգնած տարեց տղամարդուն ուղղակի գցել էին գետնին ու տասը հոգով ծեծի էին ենթարկում։

«Մինչև մենք հասցրեցինք տարեց մարդուն այդտեղից հանել, արդեն անգիտակից էր, տեղափոխեցին հիվանդանոց: Այն, որ արդեն գետնին հայտնված տարեց մարդուն ծեծի են ենթարկում, դա հստակ ցուցում է, ուրիշ բան չի կարող նշանակել:

Երկրորդ դրվագը. ոստիկանը ոտքով հարվածել է երիտասարդ աղջկա մեջքին, պատճառելով վնասվածք: Երիտասարդ աղջկա մեջքին հարվածելը պետք է արժանանա քաղաքական և բարոյական գնահատականի»,- նշեց պատգամավորը:

Աննա Գրիգորյանը նաև արձանագրեց. «Այն մարդիկ, ովքեր տարիներ առաջ ասում էին՝ ժողովուրդ ջան, ձեր առաջ խոնարհվում ենք, սիրում ենք ձեզ, էսօր ծեծելու ու ջարդելու հրաման են տալիս նույն ժողովրդին: Սա՛ է նրանց իրական դեմքը: Զավեշտալի է տեսնել, թե ինչպես են որոշ ՔՊ–ականներ հազարավոր ոստիկանների մեջքի հետևում, իրենց սենյակներում նստած, ասում՝ մեր սենյակներում ենք, եկեք խոսենք: Բա մենք գնում էինք, ի՞նչն էր խնդիրը: Բա դուք ժողովրդավարության բաստիոն էիք, էս ի՞նչ եղավ ձեզ»:

Նա նաև հավելեց․ «Այս ամենի ֆոնին անչափ կարևոր է, թե ինչպես կարձագանքեն Հայաստանում ԵՄ դեսպանն ու ԱՄՆ դեսպանը: Սպասում եմ նրանց արձագանքին: Համապատասխան նամակներն արդեն ուղարկված են: Սա նաև փորձություն է վերջիններիս համար գնահատական հնչեցնելու՝ իրենք Հայաստանում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքնե՞րն են պաշտպանում, թե՞ Նիկոլ Փաշինյանին ու նրա աթոռը»,- նշեց Աննա Գրիգորյանը:

Նա վստահեցրեց, որ երեկ գնացել էին խորհրդարան հստակ օրակարգով, որը միայն ընդդիմության օրակարգը չէր: Դա ամբողջ հայ ժողովրդի օրակարգն էր և այն կարմիր գծերը, որոնք անցնելուց հետո նշանակում է՝ պետական դավաճանություն և դավաճանություն սեփական ազգի նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս