Ոստիկանը դաժանաբար ծեծում է ցուցարարին եւ անօգնական թողնում գետնին ընկած․news.am
Կառավարական ամառանոցի մոտ այսօր՝ հունիսի 3–ին, ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Տեսանյութում երեւում է՝ ինչպես է ոստիկանը դաժան ծեծի ենթարկում ցուցարար տղամարդուն, ապա թողնում նրա գետնին ընկած անօգնական վիճակում ու հեռանում։ Անտեսելով գետնին ընկած քաղաքացուն՝ ոստիկանները շարունակում էին ցրել ցուցարարներին։ Ի վերջո, այլ ոստիկանների օգնությամբ գետնին ընկած տղամարդուն դուրս բերեցին տարածքից։ Այս մասին հայտնում է news.am-ը։
Հիշեցնենք, որ Կառավարական առանձնատան առջեւ անհնազանդության ակցիան ավարտելուց հետո ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները հրաժարվեցին բացել ճանապարհը, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ սկսվեց բախում։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման ենթարկեցին բազմաթիվ ցուցարարների։ Նրանք նաեւ հատուկ միջոցներ կիրառեցին, մասնավորապես՝ ծխարձակող, լուսաձայնային նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է։ Երկու տասնյակ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։