Ինչո՞ւ Շառլ Միշելը որոշեց սրբագրել իր հայտարարությունը
Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած բանակցություններից հետո գլխավոր միջնորդի՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունը լայն քննադատությունների առարկա դարձավ հատկապես Երևանում:
Մայիսի 31-ին ԵԽ նախագահի մամուլի խոսնակ Բերենդ Լեյցը հայտարարություն է տարածել, ամենայն հավանականությամբ, նպատակ ունենալով վերջ տալ Միշելի հայտարարության շուրջ տարատեսակ շահարկումներին: Այլ հարց է՝ ստացվե՞ց արդյոք այդ անդրադարձով տալ բոլոր հարցերի պատասխանները, թե՞ ոչ:
Նախ տեղեկացնենք, որ Շառլ Միշելի մայիսի 22-ի հայտարարությունը կառուցված էր ադրբեջանամետ թեզերի և ադրբեջանական օրակարգի, այդ թվում՝ հումանիտար հարցերում առավելապես ադրբեջանական պահանջների վրա, այն դեպքում, երբ Հայաստանն ունի անհետաձգելի հումանիտար խնդիրներ: Միշելը հայտարարությունը բաժանել էր 4 մասերի, անդրադառնալով սահմանային հարցերին, հաղորդակցություններին, խաղաղության պայմանագրին, սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հատկապես քննարկվեց Միշելի հետևյալ արտահայտությունը. «շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: Վերլուծաբաններն ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքի վրա, որ որևէ խոսք չկա ԼՂ կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին, նշվում է ոչ թե «Լեռնային Ղարաբաղ», այլ «Ղարաբաղի էթնիկ բնակչություն» Ադրբեջանի վարչատարածքային տրամաբանության շրջանակում՝ արդեն իսկ կանխորոշելով բանակցությունների ուղղությունը:
Հավելյալ քննադատությունների արժանացավ այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանին ներկայացրել էր բրյուսելյան հանդիպման արդյունքները՝ ասելով, թե կողմերը քննարկել են Ադրբեջանի 5 առաջարկները, պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ներառելով՝ ինչպես երկաթուղային, այնպես էլ՝ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը։
ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել էր հայտարարությանը՝ ըստ էության ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային մեղադրելով ոչ կոռեկտ հայտարարություն անելու մեջ: Փաշինյանը նշել էր. «Ադրբեջանը ԼՂ հիմնախնդիրը համարում է լուծված, Հայաստանը համարում է, որ այն լուծված չէ: Խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում Ադրբեջանը ներկայացրել է իր հինգ սկզբունքները, մենք ներկայացրել ենք մեր դիտարկումները և օրակարգը ու ասել, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ:
Ուզում եմ հիշեցնել, որ մեր առաջադրած սկզբունքներում առաջադրված է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Քանի որ քննարկումների արդյունքում կողմերի միջև ձևակերպումների շուրջ համաձայնություն չի ձևակերպվել, Եվրամիության խորհրդի նախագահը որոշել է իր կողմից քոմենթներ անել, որը, իր կարծիքով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից: Ինչքանով է ստացվել, ինչքանով է ճշգրիտ, դա ուրիշ քննարկման հարց է»։
Բերենդ Լեյցը տարածված նոր հայտարարությամբ նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում նախագահ Միշելը վերստին հաստատում է ԵՄ հանձնառությունը՝ խորացնելու երկու երկրների հետ համագործակցությունը և խթանելու Հարավային Կովկասը՝ որպես անվտանգ, կայուն, խաղաղ և բարեկեցիկ տարածաշրջան՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց: «Ավելի լայն առումով նախագահ Միշելն ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է անդրադառնալ բոլոր դեռ չլուծված խնդիրներին՝ ներառյալ՝ շարունակելով ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները և անդրադառնալով հակամարտության արմատներին: Ըստ նախագահ Միշելի՝ բոլոր առանցքային խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020թ. ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է կարգավորվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից, տևական և արդարացի խաղաղության համար պայմաններ ստեղծելու նպատակով։
Ինչպես ցանկացած այլ հակամարտության ժառանգականության պարագայում է, տերմինաբանությունը հատկապես զգայուն է այս համատեքստում։ Նախագահ Միշելի՝ առաջնորդների հանդիպման արդյունքների վերաբերյալ մայիսի 22-ի հայտարարությունը չպետք է մեկնաբանել՝ որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի: Ծայրաստիճան կարևոր է բոլոր խնդիրների համակողմանի հասցեագրումը․ սա ներառում է բոլոր բնակչությունների իրավունքներն ու անվտանգությունը»,- ասված է հայտարարությունում: Մայիսի 22-ին, ըստ Լեյցի, կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: «Ցավալի է, որ շահարկումներ են արվում հակառակի շուրջ»,- ասել է նա՝ վերջում հավելելով, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը մոտ օրերս կլինի տարածաշրջանում՝ հետևելու քննարկվող բոլոր ասպեկտներին:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ խմբագրող հայտարարություն տարածվեց, որպեսզի Շառլ Միշելի հեղինակությունը, որպես միջնորդ, չտուժի, քանի որ դժգոհ կարծիքները չափազանց շատ էին և հատկապես՝ Հայաստանից, քանի որ ադրբեջանական դիվանագիտությունն ավելի ամուր դիրքեր ունի հատկապես պատերազմից հետո՝ ելնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից:
Նրա կարծիքով, Միշելը հստակություն է մտցրել միայն միջանցքի հարցում, ըստ էության նշելով, որ կարծես այդ տրամաբանությամբ չեն բացվելու ապագա ճանապարհները: Մյուս առումներով, վերլուծաբանի խոսքով, Միշելը փորձում է զերծ մնալ հետագա բանակցությունների կանխորոշ գնահատականներից, սակայն կրկին ԼՂ-ի վերաբերյալ հայամետ ձևակերպումներ չի անում:
«Այսինքն՝ փորձ արվեց փոքր-ինչ խմբագրել հայտարարությունը, մեղմել դրա նկատմամբ մեծ բացասական վերաբերմունքը, որպեսզի հնարավոր լինի պահպանել այդ հարթակը հետագա բանակցությունների համար»,- ասաց փորձագետը:
Ըստ նրա՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և ընդհանուր առմամբ բողոքները նպաստեցին, որպեսզի հավելյալ մեկնաբանություններ արվեն: «Թե որքանո՞վ է բավարարում դա՝ երևի թե տեղում պետք է գնահատեն՝ հաշվի առնելով այն սկզբունքները, որոնք ՀՀ-ն առաջ է տանում բանակցություններում, թեև այստեղ խնդիր կա, որ իշխանության քաղաքականությունը կարծես ողջ հանրությունը չի կիսում, և սրանով էլ իրավիճակը բարդ է»,- նկատեց նա:
Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ այդ հայտարարությունն ուղղված էր թե Բաքվին, թե Երևանին, քանի որ բրյուսելյան բանակցությունների արդյունքները մեկնաբանել էին թե պաշտոնյաները Երևանից, թե Բաքվից՝ ըստ իրենց նպատակահարմարությունների:
«Որպես միջնորդ՝ եվրոպական կողմը մտցրեց հստակություններ և ցույց տվեց, որ թույլ չի տալու, որպեսզի կողմերը հանդիպումից հետո անեն հայտարարություններ, որոնք ցանկանում են, քանի որ արդյունքները հստակ են, ու ըստ էության նոր հայտարարությամբ նախորդ հայտարարությունը չհերքվեց, այլ միայն ընդգծվեց և ավելի մատչելի ներկայացվեց, որպեսզի տարատեսակ մեկնաբանությունների հնարավորություն չլինի: Կարծում եմ՝ այսքանն արվեց, ու պայմանավորվածությունների մոտավոր շրջանակն արդեն ուրվագծվում է: Թերևս, ամենաբարդ բաղադրիչը Խաղաղության պայմանագիրն է լինելու ու սահմանազատումը․ ծանր բանակցությունները դեռ սպասվում են»,- նկատեց նա: