Բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ. եթե կանխիկով եղավ, գործարքն առոչինչ կճանաչվի. Փաշինյան

Կառավարության հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ կանխիկի շրջանառության կրճատումը գործադիրի բարեփոխումների կարևորագույն ուղղություններից է:

«Ուզում եմ հիշեցնել, որ մեր նպատակադրումը և պլանավորումն այն է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառք կանխիկ դրամով հնարավոր չի լինելու իրականացնել։ Բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ, և, իհարկե, մենք նաև ենթաօրենսդրական ակտերով պետք է այս ամենը ապահովենք»,- ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ կլինի այնպիսի դրույթ, որ եթե ինչ-որ դեպքում լինի կանխիկ վճարումով գործարք և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է հետագայում գործարքը առոչինչ ճանաչելու հիմք դառնալ։

«Այնպես որ, խնդրում եմ ուշադիր լինել։ Խնդրում եմ, որ որևէ մեկը չմտածի, որ մենք ուզում ենք մարդկանց կյանքը բարդացնել. ընդհակառակը՝ մենք ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել, և նաև սրա հետ մենք ունենք լրջագույն հարակից էֆեկտներ՝ սկսած ֆիսկալ էֆեկտից, ավարտած հակակոռուպցիոն էֆեկտով»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս