Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը հստակ ուղերձ էր
«2021 թվականին Ղարաբաղի բնակչության բոլոր կոմունալ վճարները՝ յուրաքանչյուրի համար որոշակի ծավալի չափով, ինչպես նաև պետական հատվածի բոլոր աշխատավարձերը, վճարել է ՀՀ Կառավարությունը Հայաստանի քաղաքացիների վճարած հարկերի հաշվին»,- Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև նշեց, որ Արցախը երբեք այդքան մեծ բյուջե չի ունեցել, որքան 2021թ., Հայաստանը երբևէ այսչափ մեծ օգնություն չի ցուցաբերել Արցախին, և, որ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն եղել է «պատմական»:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը տարակուսեց, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնում, թե ինչու և ինչի հետևանքով է Հայաստանը ստիպված մեծացրել Արցախին տրամադրվող աջակցությունը: Չէ՞ որ մինչև պատերազմը Արցախի Հանրապետությունն աստիճանաբար ավելացնում էր իր սեփական եկամուտներն ու ավելի քիչ կախվածություն ուներ Հայաստանի Հանրապետությունից: 2020թ. պատերազմի ու պարտության հետևանքով մեծ թվով հէկ-եր ու հարյուրավոր հեկտարների հասնող ցորենի ցանքատարածություններ, որոնք Արցախի եկամտի գլխավոր աղբյուրն էին, անցան թշնամուն:
Փաշինյանն իր խոսքում շեշտեց. «Ազգային ժողովի պատգամավորներից սկսած, Արցախի կառավարության, վերջացրած, օրինակ, ուսուցիչներով և այլ պետական ծառայողներով, բոլորի աշխատավարձերը 2021թ. ընթացքում վճարել է ՀՀ Կառավարությունը»:
Վիգեն Հակոբյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը հստակ ուղերձ է Արցախի ԱԺ պատգամավորներին ու պետական ծառայողներին՝ դեմ չարտահայտվել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, իսկ «Հայաստանի ժողովրդի վճարած հարկերի հաշվին» արտահայտությամբ քողարկված ձևով տարվում է հայաստանցի-արցախցի տարանջատումը:
Նիկոլ Փաշինյանի հայտարարության և դրա ընկալումների մասին 168.am-ը զրուցել է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանի հետ:
«Առաջին անգամ նախորդ տարվա վերջին, ամանորյա ուղերձում Հայաստանի վարչապետը նշեց Արցախին տրամադրվող միջպետական վարկի չափը: Դա միշտ էլ ՀՀ բյուջեում հաստատված հոդված է եղել, բայց երբևէ ՀՀ ոչ մի ղեկավար չի բարձրաձայնել այդ մասին: Ինչո՞ւ է Հայաստանից տրվող աջակցությունը պատմական մեծ թվի հասել, որովհետև այսօր Արցախը պատմական մեծ աղետի առջև է կանգնած, ու այդ աննախադեպ պատմական աղետն իրենից ենթադրում է աննախադեպ ծախսեր, որպեսզի հնարավորինս մեղմվի մարդկանց սոցիալական վիճակը, լուծվեն որոշակի խնդիրներ»,- նշեց Գեղամ Ստեփանյանը:
Պատգամավորի խոսքով, պետք չէր շեշտել, որ ՀՀ կառավարությունն Արցախին օգնում է Հայաստանի ժողովրդի վճարած հարկերի հաշվին, քանի որ «սիրտը թոքերին չի հանդիմանում ու չի ասում, որ այդ ես եմ արյուն մղում դեպի քեզ: Մենք մեզ պետք է դիտարկենք՝ որպես մեկ ամբողջություն»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հստակ ուղերձ էր Արցախի պետական հատվածի ծառայողներին՝ մայիսի 28-ի մեծ հանրահավաքից հետո, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց, որ գուցե նաև կարելի է այդպես դիտարկել, բայց մայիսի 28-ին Արցախում տեղի ունեցած հանրահավաքը միտված էր Արցախի պետականության պահպանմանը, դա միասնության կոչ էր ողջ հայությանը, դա կոչ էր, որ Արցախին ու արցախահայությանը մենակ չթողնեն: Նրա խոսքով՝ եթե Փաշինյանի հայտարարությունն իսկապես հանրահավաքի պատասխանն էր, ապա դա այնքան էլ կոռեկտ չէ:
«Հանրահավաքը հանրային պահանջ ունեցող միջոցառում էր, որը սահուն ընթացք ունեցավ և կարողացավ տալ համապատասխան ուղերձ, որում, ի տարբերություն ոմանց տված ուղերձների, թաքնված բան չկար, կար բացահայտ վերաբերմունք այն ամենին, ինչը վերաբերում է Արցախի ժողովրդի ճակատագրին, 30 տարվա պայքարին: Հանրահավաքը միտված չէր Հայաստանի իշխանության մոտ վախ առաջացնելուն, այլ միտված էր ժողովրդի կամքը արտահայտելուն և բանակցային գործընթացում այդ կամքի շրջանակներում առաջնորդվելուն, մանավանդ որ, Արցախի բոլոր քաղաքական ուժերը դեռևս ապրիլի 14-ին միաձայն հայտարարություն են ընդունել, որտեղ սահմանված են արցախցիների կարմիր գծերը, առաջնահերթություններն ու կամքը»,- նշեց Արցախի պատգամավորը:
««Հայաստանի ժողովրդի վճարած հարկերի հաշվին» արտահայտությունը չեմ ուզում դիտարկել հայաստանցի-ղարաբաղցի խոսույթի տիրույթում, այն ավելի շատ ՀՀ գործող իշխանությունների՝ հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու տիրույթում է: Դա այն հռետորաբանությունն է, այն քաղաքականությունն է, որով առաջնորդվում է ՀՀ իշխանությունը, և որին տարբեր առիթներով անդրադարձել ենք»,- եզրափակեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:
ԱՆՆԱ ԴԵՄԻՐՃՅԱՆ