Բրյուսելյան երրորդ ռաունդը՝ հայկական ֆիասկո. ի՞նչ արձանագրեցին Փաշինյան-Միշել-Ալիև բանակցությունները

«Էական առաջընթաց», «աննախադեպ բեկում». ադրբեջանական ու արևմտյան աղբյուրներում առանձնակի ոգևորությամբ են քննարկվում Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև շուրջ 5 ժամ տևած բանակցային երրորդ ռաունդի արդյունքները: Հայաստանում, բնականաբար, նման ոգևորության առիթ չկա, ակտիվություն է միայն արևմտամետ շրջանակներում, որոնց համար կարևորը գործընթացից Մոսկվայի դուրսմղումն է ու Բրյուսելի դիրքերի ամրապնդումը: Նախօրեի հանդիպումն այս խնդիրը կարծես վերջնականապես լուծեց կամ գոնե ստեղծեց նման տպավորություն այս փուլում: Դա են խոստովանում նաև ռուսաստանյան փորձագիտական շրջանակները: Սակայն, թե ինչ ստացան Հայաստանն ու Արցախն այս բանակցություններից, հայաստանյան հանրության համար անհասկանալի է մնում:

Ինչպես հայտնի է, բանակցությունների արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հրապարակեց բանակցությունների արդյունքների մասին 4 կետանոց հաղորդագրություն, հանդիպումն ընդհանուր առմամբ որակելով անկեղծ ու արդյունավետ: ԵՄ-ն վերջին բանակցություններով հաստատեց իր դերը սահմանազատման, ապաշրջափակման գործընթացներում, որոնք ամիսներ առաջ լիովին մոսկովյան հովանու ներքո առաջմղվող գործընթացներ էին, ինչպես նաև ԵՄ-ն շարունակեց կողմերին Խաղաղության պայմանագիր ստորագրելուն նախապատրաստելու գործընթացը, միևնույն ժամանակ նախանշելով, որ այս միջնորդական ուղին կողմերին խոստանում է տնտեսական զարգացում ԵՄ ներդրումների և աջակցության փաթեթների շնորհիվ:

Ըստ ամենայնի, պատահական չէ, որ Փաշինյան-Միշել վերջին հանդիպումների պաշտոնական հաղորդագրություններում կրկին նշվում է 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի իրականացման մասին: Այստեղ հարկ է հիշեցնել Նիկոլ Փաշինյանի ԱԺ հայտնի ելույթն այն մասին, որ միջազգային հանրությունը Հայաստանի և Արցախի շուրջ կոնսոլիդացիա կապահովի, եթե Երևանն իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր նշաձողը: Իրականում, թե դեպի ուր են իջեցրել Արցախի կարգավիճակի նշաձողը ՀՀ իշխանությունները, հանրությունը միայն պետք է ենթադրություններով առաջնորդվի, քանի որ կարգավիճակի հարցում հստակ տեսլական ՀՀ իշխանությունները չեն ներկայացնում, իսկ հրապարակային տեքստերի տողատակերում Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մտադրությունն է:

Ո՛չ Փաշինյան-Միշել, ո՛չ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման պաշտոնական հաղորդագրություններում որևէ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին: Դրան վերաբերող թույլ ձևակերպում իր հայտարարությունում արել էր Շառլ Միշելը՝ նշելով. «Սրան ի լրումն՝ շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»:

Այսինքն՝ հայկական կողմը հրաժարվել է խոսել նաև չհստակեցված կարգավիճակի մասին, որի մասին հիշատակում ևս չկար հայկական կողմի հաղորդագրություններում: Ընդհանուր առմամբ Միշելի ձևակերպումը դիվանագիտական բառապաշարի հավելյալ «թարգմանության» կարիք չունի, քանի որ օգտագործված է միմիայն «Ղարաբաղ» անվանումը, որը լիովին տեղավորվում է գործընթացի ադրբեջանական մոտեցման շրջանակում: Հատկանշական է, որ չկար հայտարարությունում որևէ հղում հետպատերազմյան ռուսական միջնորդությամբ ձեռք բերված երեք եռակողմ փաստաթղթերին, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին:

Հայաստանում փորձագիտական հանրությունը՝ բրյուսելյան բանակցությունների արդյունքները տապալված, իսկ ադրբեջանական կողմը՝ բեկումնային է որակում, համարելով, որ Միշելի հայտարարությունը լիովին կառուցված էր ադրբեջանական թեզերի ու ադրբեջանահաճո ձևակերպումների վրա: Առանձնահատուկ ոգևորությամբ է նշվում հատկապես «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ձևակերպումը: Ավելին, ադրբեջանական քարոզչամիջոցները, որոնք 44-օրյա պատերազմից հետո ամեն կերպ մերժում էին արևմտյան որևէ միջնորդություն կարգավորման գործընթացին, այսօր բրյուսելյան հարթակն անվանում են անայլընտրանք դիվանագիտական հարթակ Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացի համար:

Զուգահեռաբար տեղեկացնենք, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ու ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, hեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին: Հետաքրքրականն այստեղ այն է, որ Երևանը Մոսկվայի հետ քննարկում է վերոնշյալ երեք փաստաթղթերը, իսկ Բրյուսելի հետ՝ ապրիլի 6-ի և մայիսի 22-ի փաստաթղթերը, այսինքն՝ Երևանն ունի փաստաթղթային երկու օրակարգ, ինչը նոնսենս է:

Հարցին, թե ի՞նչ խնդիր լուծեց բրյուսելյան երրորդ ռաունդը, ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում պատասխանեց, որ ակնհայտորեն գլխավոր խնդիրն այն է, որ գործընթացն իր բոլոր բաղադրիչներով զարգանա ԵՄ հովանու ներքո, որի դիմաց Բրյուսելը կոնկրետ խոստումներ է տալիս:

Ըստ նրա՝ Ռուսաստանն ակնհայտորեն պասիվացել է՝ ելնելով օբյեկտիվ հանգամանքներից: «Սակայն, կարծում եմ, սա գործընթացի վերջը չէ, և Մոսկվան եթե կորցրել է իր միջնորդական դիրքը, ամեն պահի կարող է վերականգնել: Ակնհայտորեն Մոսկվան ունի հաշվարկներ, որոնցով առաջնորդվում է: Գլխավոր կետն էլ այն է, որ միևնույն է՝ հակամարտությունը երկարաձգվող է, և ամեն դեպքում շուտ լուծումներ չեն լինելու առաջիկայում»,- նկատեց նա:

Կարգավիճակի հարցը, նրա խոսքով, այդքան էլ հեշտ լուծելի չէ, որքան կարող է թվալ:

«Կարող է ինչ-որ հայտարարություն լինել ադրբեջանամետ կամ հայամետ, բայց խնդրի էությունը բարդ է, լուծումները՝ ևս, Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը ապահովում են ռուս խաղաղապահները, և նրանցից այսօր շատ բան է կախված: Կարգավիճակի հարցը կդրվի Խաղաղության համաձայնագրում, սակայն ներկայումս տպավորություն է, որ լուծվում է տարածաշրջանում գլխավոր միջնորդի ստատուսի հաստատման հարցը, բայց դա կարող է փոխվել աշխարհաքաղաքական դինամիկ զարգացումների հետևանքով»,- նկատեց նա:

Իսկ Երևանը, նրա խոսքով, փորձում է մանրևել, բայց գլխավոր բանակցությունները Բրյուսելում են:

«Թե ինչպես Մոսկվան կարձագանքի հետագա զարգացումներին՝ պարզ կդառնա առաջիկայում»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս