«Այսօր ազատամարտիկին պատվազուրկ են անում, թքում են վրան, որպեսզի ամբողջի մեղքը բարդեն հայ իսկական տղամարդու վրա». Մանվել Եղիազարյան

Մայիսի 17-ի առավոտյան Պուշկինի փողոցում ոստիկանության մի խումբ ծառայողներ բռնություն էին կիրառել մայթով քայլող, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ։ Ոստիկանները բռունցքներով նախ հարվածել էին Արայիկ Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, գցել գետնին, հետո ոտքերով շարունակել երկար ժամանակ հարվածներ հասցնել։

Տեսանյութերից պարզվել էր, որ ազատամարտիկի նկատմամբ ուժ է գործադրել ոստիկանության մայոր Միքայել Այվազյանը։ Պարզվել էր նաև, որ դա մայորի միակ «քաջագործությունը» չէ, մայիսի 18-ին էլ Նալբանդյան փողոցում անհնազանդության ակցիայի ժամանակ մոտ 10 կարմիրբերետավորներ գետնին էին տապալել գնդապետ, 2016-ի Ապրիլյան և 2020-ի 44-օրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանակիր Սերգեյ Հայրապետովին, ոտքերով հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել:

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը դեպքի առնչությամբ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ պահեստազորի գնդապետ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելուց առաջ, ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները և այդ նույն գումարտակի ստորաբաժանման հրամանատար, ոստիկանության մայոր Միքայել Այվազյանը վաղօրոք իմացել են, որ այդ քաղաքացին պահեստազորի սպա է, արցախյան 3 պատերազմների մասնակից, 3-րդ կարգի զինհաշմանդամ, 44-օրյա պատերազմում իր երկու որդիների հետ ռազմական գործողությունների մասնակցած և վիրավորումից դեռևս վերջնականապես չապաքինված անձ։

Պահեստազորի սպաներն իրենց այս հայտարարությամբ պահանջել էին քրեական գործ հարուցել մայորի նկատմամբ։

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով  ազատամարտիկների նկատմամբ ոստիկանության գործողություններին, Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական  ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը նախ նշեց, որ ազատամարտիկների 90 տոկոսը ոչ թե ազատամարտիկներ են, այլ երկրի պետականության հիմնադիրները։

«Մի մոռացեք, որ նրանց մեծ մասը քաղաքական դաշտում չի եղել, այլ եղել են մարտի դաշտում։ Սակայն Հայաստանի առաջին իշխանությունը ձևավորեց մի պետություն, որտեղ տեղ ու դիրք էին տալիս այն մարդկանց, որոնք իրենց գովերգում էին, իրենց թալանը պաշտպանում, սողում էին իրենց ոտքերի տակ և հարկ եղած ժամանակ կարող էին օգնել, որպեսզի հայրենիքը տային թշնամուն։ Նման մարդկանցով իշխանությունը շրջապատեց իրենց, և այն ազատամարտիկները, որոնք ունեին  խոսքի իրավունք, հնարավորություններ ու քաջություն, իշխանությունը սկսեց նրանց հալածել։ Այս պարտվողական քաղաքականության հիմքն ի սկզբանե դրվեց»,- նշեց Մանվել Եղիազարյանը։

Ըստ նրա, 1992 թվականին հիմք դրվեց ազատամարտիկի և առհասարակ արցախյան ազատամարտի դեմքը ոչնչացնել։

«Սարդարապատում մազապուրծ եղած հայ ժողովրդին փրկեց հայ զինվորը, բայց քաղաքական գործիչներն ամեն ինչ Բաթումի պայմանագրով տանուլ տվեցին։ Արցախում ծավալված պատերազմի ժամանակ կրկին հայ զինվորը կռվեց, մեր քաղաքական գործիչները՝ դրանց «վարժապետներ» եմ ասում, Արցախը տվեցին։ Մենք մեր երկիրը վստահել ենք մարդկանց, որոնք հայ ժողովրդին թիկունքից հարվածել են։

Այսօր ազատամարտիկին պատվազուրկ են անում, թքում են վրան, որպեսզի ամբողջի մեղքը բարդեն հայ իսկական տղամարդու վրա։ Այդ անասնախումբը չի գիտակցում, որ թքելով ազատամարտիկի վրա, ստորացնում է հայ ազգի բոլոր տղամարդկանց։ Նրանք ամեն ինչի պատրաստ են, միայն թե լուծեն իրենց որովայնի հարցը, ահա այստեղ է, որ գնում է որովայնի, կներեք՝ «թափոնի» կռիվ։ Դրա համար արդյունքում ունենք սա, երբ պետականություն ստեղծող ու պահպանող մարդուն կարող են գետին գցել ու թքեն վրան»,- եզրափակեց Մանվել Եղիազարյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս