
Դանակահարություն Արշալույս գյուղում. տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները
Մայիսի 14-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում դանակահարություն էր եղել, և պատճառը դարձյալ անհանդուրժողականությունն էր: Կեսգիշերին մոտ երկու տղամարդ անձնական հարցերի շուրջ վիճել էին, և նրանցից մեկը դանակահարել էր մյուսին:
Դեպքից մոտ 30 րոպե անց ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում ստացվեց. ծակած-կտրած վերքով 27-ամյա տղամարդ էր բուժօգնության տեղափոխվել:
Հիվանդանոցում տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնելով՝ իբր ընկել էր երկաթի վրա:
Հիվանդանոցում ոստիկաններին չհաջողվեց նրա հետ խոսել. ի վիճակի չէր բացատրություն տալու: Վնասվածքի վերաբերյալ նրա հայտարարությունը հավատ չէր ներշնչում. ծակած-կտրած վերքը կարող էր դանակահարության հետևանք լինել:
Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ներգրավվեցին նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները:
Համագործակցված աշխատանքի շնորհիվ Վաղարշապատի բաժնում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ Արշալույս գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժողին դանակով խփել էր Արմավիր գյուղի 36-ամյա մի բնակիչ:
Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 17-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: