
Միասնական քննության օրերը հայտնի են

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են այս տարվա միասնական քննության օրերը: Այսպիսով՝ քննաշրջանը մեկնարկում է հունիսի 7-ին և ավարտվում հունիսի 24-ին:
ԳԹԿ-ից հայտնում են, որ կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներից քննություն կհանձնեն հունիսի 7-ին, օտար լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և իսպաներեն՝ հունիսի 10-ին, հայոց լեզու և հայ գրականություն՝ հունիսի 14-ին, մաթեմատիկա՝ հունիսի 17-ին:
Ֆիզիկա և հայոց պատմություն առարկաների քննության օրը հունիսի 21-ն է, իսկ քիմիա և ռուսաց լեզու առարկաներից քննություն կհանձնեն հունիսի 24-ին:
Նշենք, որ Կառավարության ապրիլի 7-ի նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում:
Որոշմամբ սահմանված է, որ դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին:
Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է քննությունից ստացած առավել բարձր միավորով։ Երկու անգամ միասնական քննություն հանձնելու իրավունքի տրամադրման նպատակն է դիմորդին կրկին փորձելու հնարավորություն ընձեռելը՝ հաշվի առնելով քննություն հանձնող դիմորդի հուզմունքն ու բարձր լարվածության գործոնը: