ԿԺԴՀ-ում հաղորդել են երկրում COVID-19-ով վարակման առաջին դեպքերի մասին
Հյուսիսային Կորեան մայիսի 12-ին հայտարարել է երկրում COVID-19-ի «օմիկրոն» տարատեսակով վարակման առաջին դեպքերի մասին: Այդ մասին հաղորում է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը (ԿԿՀԳ): Ըստ գործակալության՝ երկրի իշխանությունները եկել են այն եզրակացության, որ նմուշները, որոնք մայիսի 8-ին Փենյանում վերցվել են ջերմող հիվանդից, նույնական են «օմիկրոնին»:
Նշվում է, որ իշխանությունները հայտարարել են վիրուսի վերահսկողության համակարգի ներդրման մասին՝ «առավելագույն արտակարգ իրադրության» համար: Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն անցկացրել է քաղբյուրոյի նիստ՝ կոչ անելով ուժեղացնել սահմանային վերահսկողությունը COVID-19-ի նկատմամբ: Նա նաեւ խոստացել է հաղթահարել «անսպասելի ճգնաժամը»: Համավարակի ողջ ժամանակաշրջանում Հյուսիսային Կորեան հայտարարել է երկրում COVID-19-ով հիվանդացության դեպքերի բացակայության մասին 2020 թվականի հունվարի վերջից կորոնավիրուսի պատճառով ԿԺԴՀ-ի սահմանները լիովին փակ են եղել օտարերկրացիների համար, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: