Գերիների մի քանի ծնողների այնտեղ հայտնվելը պատահական չի եղել, դրան նախորդող օրերին ԱԱԾ տնօրենը գնացել էր Գյումրի․ Սոֆյա Հովսեփյան

Մայիսի 8-ին, երբ ընդդիմությունն ավտոերթով մեկնել էր Գյումրի, մի խումբ անձինք փակել էին նրանց ճանապարհը Հոռոմ գյուղի մատույցներում։ Ճանապարհ փակողներից շատերը ներկայացել էին՝ որպես զոհվածի կամ գերեվարվածի ծնողներ, սակայն ժամեր անց պարզվել էր, որ նրանցից ոմանք նույնիսկ երեխա չունեին, ավելին՝ տարբեր աղբյուրների փոխանցած տեղեկություններով՝ տվյալ անձանց գումարով հավաքագրել էր իշխանությունը, որպեսզի խոչընդոտեն ընդդիմության հանրահավաքը։

168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադառնալով այս միջադեպին՝ նշեց, որ տարածված տեղեկությունն իսկապես ճիշտ է, որ ընդդիմադիրների ճանապարհը փակողների մեջ, բացի գերիների ծնողներից, եղել է նաև խառը «մասսա»։

«Գերիների ծնողների այնտեղ հայտնվելը պատահական չի եղել, դրան նախորդող օրերին Ազգային անվտանգության ծառայության տնօրենը գնացել է Գյումրի և տեղեկացրել է, որ իբր գերիների վերադարձ չի եղել, քանի որ այրել են Թուրքիայի դրոշը (նկատի են ունեցել ապրիլի 23-ին հրապարակում այրված դրոշները): Սրանով մարդկանց դրդել են, որպեսզի գնան նման քայլի։ Այսինքն՝ սա կազմակերպված բան է եղել, բնականաբար, իշխանությունը խառնել է իր խուժանին, որպեսզի գան ու գերիների ծնողների անվան հետ խաղան ու վարկաբեկեն նրանց»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, ընդդիմության փողոցային պայքարին, նախկին պատգամավորն ասաց, որ այս պայքարով հնարավոր կլինի հասնել հաջողության, եթե, այսպես ասած՝ «խելքը գլխին» պայքար ընթանա։

«Մարդկանց անուների հետ կապված շատ լուրջ խնդիրներ գոյություն ունեն Հայաստանում, պետք է նախկին նախագահները հրաժարվեն և հայտարարեն, որ երբևէ հավակնություններ չեն ունենալու պաշտոնի և ժամանակավոր կառավարության ստեղծման և այնպիսի մարդկանց անուններ պետք է հնչեցնեն և հարթակը տրամադրեն նրանց, որոնց նկատմամբ մարդիկ վստահություն ունեն»,- շեշտեց նա։

Սոֆյա Հովսեփյանը նաև ընդգծեց՝ որպես Հայաստանի քաղաքացի, Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգված մարդ՝ մի քանի օր եղել է փողոցում պայքարող մարդկանց կողքին, սակայն այս պահին Արցախում է։

Դիտարկմանը, թե Երրորդ նախագահը հստակ հայտարարել է՝ քաղաքականություն չի վերադառնալու, Սոֆյա Հովսեփյանը հակադարձեց՝ մարդկանց խնդիրը միայն Սերժ Սարգսյանի հետ չէ։

«Երրորդ նախագահը ժամանակին հայտարարել էր, որ վարչապետ չի դառնա, բայց Սահմանադրությունը փոխվեց, և նա ընտրվեց վարչապետ»,- հավելեց նա։

Հարցին, թե նախորդ գումարման Ազգային ժողովում որպես պառգամավոր աշխատել է «Իմ քայլը» խմբակցությունում՝ ներկայիս քաղաքական թիմի հետ, ի՞նչ է կարծում՝ հանուն Հայաստանի ու Արցախի շահի՝ այս իշխանությունը հրաժարական կտա՞, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց. «Միանշանակ ոչ, հեշտ ու հանգիստ երբեք չեն թողնելու իշխանությունը, անգամ, եթե կորցնենք Արցախի ու Հայաստանի 99 տոկոսն էլ չէ, 100 տոկոսը, նրանք չեն գնալու, մնում է համախմբվել ու ստիպել»։

Տեսանյութեր

Լրահոս