Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման հարցի սահմանադրականության հարցով ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ

Այսօր՝ ժամը 11։00-ից Սահմանադրական դատարանը (ՍԴ) շարունակում էր «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասին և 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթի դատաքննությունը, որն ընդհատվել էր ապրիլի 19-ին:

Հիշեցնենք, որ խոսքը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)  նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելուն է վերաբերում։

Գործը քննվում է գրավոր ընթացակարգով:

Ըստ սահմանադրագետ, Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի՝ ԲԴԽ-ում նույն կարգավիճակն ունեցող անձինք,  այն է՝ ԲԴԽ անդամները, որոնցից 5-ը դատական համակարգից են գալիս, 5-ը՝ իրավաբան գիտնականների համայնքից, չեն կարող ունենալ տարբերակված կարգավիճակ։

«Այս իշխանությունները նախաձեռնել էին սահմանադրական «բարեփոխումը» Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ հենց այն պատճառաբանությամբ, որ ՍԴ-ում կան դատավորներ, որ պետք է պաշտոնավարեն 12 տարի, և կան դատավորներ, որոնք Սահմանադրության 2005 թ. խմբագրության համաձայն՝ ավելի երկար պետք է պաշտոնավարեն․ և այդ անհավասարությունը հաղթահարելու համար գնացին սահմանադրական բարեփոխման։ Հիմա ինչպե՞ս կարող է ԲԴԽ-ում լինել անհավասարություն, և դա լինի սահմանադրական։ Այսինքն՝ ԲԴԽ 5 անդամները չեն կարող տարիքը 65-ը լրանալուց հետո պաշտոնավարել, իսկ մյուսները կարո՞ղ են։ Սա նույն դասական անհավասարությունն է»,- ասել էր Արամ Վարդևանյանը։

Հենց այս հարցն է վիճարկվում ՍԴ-ում:

Հավելենք, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածով սահմանված են Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները, որի 9-րդ մասում ասվում է․ «Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում»:

Իսկ 86-րդ հոդվածով սահմանված են Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը։ Հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով։ 20-րդ գլխով էլ սահմանված են դատավորի լիազորությունները դադարեցնելու և դադարելու դեպքերը։

168.am-ի հետ զրույցում ՍԴ խոսնակ Եվա Թովմասյանն ասաց՝ այս գործով Սահմանադրական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:

Տեսանյութեր

Լրահոս