
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Հիքմեթ Հաջիևի հետ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, այս մասին թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Ուրախ էի, որ Բրյուսելում կարողացա հյուրընկալել Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին այս ձևաչափով երկրորդ հանդիպմանը»,- գրել է Կլաարը։
Հիշեցնենք, որ նման նախորդ հանդիպումը, որը տեղի էր ունեցել մարտի 30-ին, նույնպես կազմակերպել էր Տոյվո Կլաարը։ Այդ հանդիպմանը նրանք քննարկել էին 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները։