«Ուրեմն լսիր, Սաքո, ուսադիրներդ կպոկեմ ու…»․ Իշխան Սաղաթելյանը՝ ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին
Այսօր՝ մայիսի 2-ին, առավոտյան 8:30-ից Երևան քաղաքի շուրջ 30 փողոց ամբողջությամբ փակվել է, մոտ 4 ժամ պարալիզացված է եղել քաղաքը:
Ընդդիմության հանրահավաքին հայտնել է «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Պաշտոնական տվյալներով, մեր արժանապատիվ քաղաքացիներից 244 հոգի բերման է ենթարկվել, բայց իրականում՝ մոտ 300-ը: Նրանց 99 տոկոսն արդեն ազատ է արձակվել»,- նշել է Սաղաթելյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում ունի մեկ հենարան՝ ոստիկանությունը:
«Այսօր ոստիկանությունն իր սահմանն անցել է, ավելի ճիշտ՝ որոշ ներկայացուցիչներ: Երկրորդ՝ ՊՊԾ ղեկավար Սաքո Հովհաննիսյան, սա էն մարդն է, որ մեկ տարի առաջ քացի էր տալիս քաղաքացիներին: Սա էն մարդն է, որ կին պատգամավոր Աննա Մկրտչյանի մազերն էր քաշում խորհրդարանի դահլիճում: Էսօր էլի իրեն պահել է լկտի, սանձարձակ: Լսի, Սաքո, եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի և բռնի միջոցների, ուրեմն ես քեզ այս հրապարակից և այս ժողովրդի անունից խոստանում եմ՝ ուսադիրներդ պոկելու եմ, ու դու պատժվելու ես դրա համար»,- զգուշացրել է Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը կրկնել է, որ ոստիկանության հետ որևէ խնդիր չունեն, բայց նրանց մեջ կան մարդիկ՝ այսօր ֆիքսել են երկուսին, որոնք բացահայտ բռնության են ենթարկել քաղաքացիներին:
«Մենք տեղեկություն ունենք, որ որոշ օլիգարխներ են պատասխանատվություն կրում դրա համար: Քանի որ ոստիկանության ուժերը չեն բավարարում ճնշել մեր հայրենակիցների ցասումը և բողոքը, որոշ օլիգարխներ իրենց ախռաննիկներին՝ ոստիկանության համազգեստով, ուղարկում են ժողովրդին ճնշելու»,- ասել է Սաղաթելյանը՝ շեշտելով, որ իրենց նպատակին հասնելու են միայն խաղաղ միջոցներով:
Այս համատեքստում Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է նաև այսօր տեղի ունեցած մեկ այլ միջադեպի, որ երբ քաղաքի մի հատվածում ճանապարհ են փակել, Խաչատուր Սուքիասյանի շրջապատից մեկը քաղաքացուն բոլորի առաջ ակնհայտ հարվածել է, իսկ ոստիկաններն ուժ են կիրառել ոչ թե քաղաքացուն հարվածողի, այլ հարված ստացած քաղաքացու նկատմամբ:
«Նիկոլ, հույսդ այդ օլիգարխներն են, բայց դա քեզ չի փրկելու»,- եզրափակել է Սաղաթելյանը: