Նախորդ տարի հանրապետության 1000 ուսուցչից 487-ն է հաղթահարել ատեստավորման շեմը. Մարգարիտ Խաչատրյան
«Ուզում եմ հասկանալ՝ Ձեր ձեռքի տակ ունե՞ք տեղեկատվություն, թե քանի՞ ուսուցիչ է վերապատրաստում անցել և հնարավորություն ունի առավելագույնը մինչև 400.000 դրամ աշխատավարձ ստանալ»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության ժ/պ Մարգարիտ Խաչատրյանին հարց ուղղեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Հարցին ի պատասխան՝ Մարգարիտ Խաչատրյանը տեղեկացրեց. «Ընդհանուր առմամբ հանրապետությունում նախորդ տարի 487 ուսուցիչ է հաղթահարել նախատեսված շեմը՝ շուրջ 1000 ուսուցչից, իսկ թե քանի՞սն են Երևանի ենթակայության ներքո գործող դպրոցներից, այս պահին տվյալ չունեմ»:
Քաղաքապետի ճշտող հարցին՝ նվազագույն դրույքաչափին տրվող գումարն էլ է բարձրացել, չէ՞, հանրակրթության վարչության ժ/պ-ն հաստատեց, որ գումարը բարձրացել է. «Այո, տեղի է ունեցել հետևյալը. միջին դրույքաչափը, հանրապետությունում գործող 125000-ը, ատեստավորման նվազագույն շեմը հաղթահարած, այսինքն՝ 60 տոկոսի շեմը հաղթահարած ուսուցիչների համար սահմանվել է 200.000 դրամ: Համապատասխան արդյունք ցուցաբերելու դեպքում 30-50 տոկոսով բարձրացվում է աշխատավարձը»:
Հրաչյա Սարգսյանը կարևորեց ուսուցիչների ատեստավորում ստանալու անհրաժեշտությունը, քանի որ, ըստ նրա, դա ավելի բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն կտա:
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ եղավ նաև Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցին: Պարզ դարձավ, որ համայնքային բյուջեի միջոցներով ընթանում են հիմնանորոգման աշխատանքները: Փուլ առ փուլ իրականացվող նախագծով 2023 թվականին հարմարավետ պայմաններ կապահովվի ևս երեք մարզադահլիճում: Նախագծման մրցույթն արդեն հայտարարվել է: