Բաժիններ՝

ԵՄ-ն պլանավորում է մինչև ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց

Եվրամիությունը պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի ներմուծումը, իսկ մինչեւ տարեվերջ ԵՄ-ի երկրները մտադիր են հրաժարվել նաեւ ռուսաստանյան նավթից: Այդ մասին The Indian Express-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Մենք իրականացնում ենք Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու հավակնոտ քաղաքականություն: Բազմաթիվ երկրներ միացել են այդ պատժամիջոցներին, նույնիսկ եթե դա անխուսափելիորեն ծախքերի է հանգեցնում հենց իրենց համար»,-ասել է Շոլցը:

Ավելի վաղ ԵՄ-ի երկրները համաձայնեցրել են ռուսական ածխի Էմբարգոն 2022 թվականի օգոստոսից: Ավստրիան, Հունգարիան եւ Գերմանիան հանդես են եկել Ռուսաստանից գազի շուրջ նմանօրինակ որոշման դեմ, քանի որ դա տնտեսական ճգնաժամի կհանգեցնի Եվրոպայում: Ուկրաինայի ապառազմականացման ու դենացիֆիկացման ուղղությամբ ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել է պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա:

Բազմաթիվ երկրներ հայտարարել են ռուսաստանյան ակտիվները սառեցնելու մասին: Կրեմլում նոր պատժամիջոցները որակել են տնտեսական պատերազմ, բայց ընդգծել են, որ պատրաստ են եղել իրադարձությունների նման զարգացմանը: Նաեւ Եվրոպայում ավելի բարձր են սկսել հնչել ռուսաստանյան էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին հայտարարությունները:

Այս պայմաններում Ռուսաստանն ապրիլի 1-ից գազի դիմաց վճարումներն ընդունում է միայն ռուբլով: Ներմուծողը «Գազպրոմբանկ»-ում պետք է հատուկ հաշիվ բացի, որի վրա միջոցները փոխանցվելու են այն արժույթով, որը նշված է պարտավորագրում. բանկն այդ արժույթը կվաճառի «Մոսբիրժա»-ում եւ ռուբլին կգրանցի գազի գնորդի հաշվին, որն էլ հաշվարկները կիրականացնի «Գազպրոմ» մատակարարի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս