Այս պահին շարունակելու եմ իմ ակտիվ հանրային գործունեությունը. Կգա որոշակի ժամանակ, հնարավոր է՝ ես այլ որոշում կայացնեմ. Արման Թաթոյան

Հայաստանի Հանրապետության առջև ծառացած օրհասական մարտահրավերների շուրջ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի նախաձեռնած հանրային քննարկման ժամանակ հնչեցված հարցին, թե արդյոք քաղաքականության մեջ չլինելով՝ նա կկարողանա՞ ազդել քաղաքական գործընթացների վրա, այլ կերպ ասած՝ պատրաստվո՞ւմ է մտնել քաղաքականություն, Արման Թաթոյանը որևէ բան չբացառելով՝ ասաց.

«Նախ եկեք հասկանանք՝ ի՞նչ եք հասկանում՝ քաղաքականություն ասելով։ Ես խոսում եմ հանրային գործունեության մասին, այս խնդիրները հանրային կարևոր գործունեություն է, որը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին։ Սա այն կարևոր գործընթացի մաս է, այո, այս պահին ես ինձ պատկերացնում եմ։ Ես չեմ կարող որևէ բան բացառել իմ ներգրավվածության  հետ կապված, բայց այս պահին ես կոնկրետ իմ ներգրավվածությունն այսպես եմ պատկերացնում։ Կգա որոշակի ժամանակ, հնարավոր է՝ ես այլ որոշում կկայացնեմ, բայց այս պահին ես իմ ներգրավվածությունը պատկերացնում եմ այսկերպ, որովհետև կարծում եմ՝ այսկերպ կարող եմ արդյունավետ ազդել այն խնդիրների վրա, և նաև օգնել մեր հանրությանը, որպեսզի նրանք էլ պատկերացնեն՝ իրականում ինչ է վիճակը, և որպեսզի մենք միասին հասկանանք՝ լուծումները որո՞նք են, որովհետև այս օրհասական հարցերը մեզանից յուրաքանչյուրին են վերաբերում»,- ասաց Թաթոյանը։

Ակնհայտ էր, որ շատերին էր հետաքրքրում՝  նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը նախաձեռնելով այս քննարկումը հանրության հետ, հետագայում ի՞նչ ընթացք է տալու այս ակտիվությանը, ի՞նչ չափով և ինչպիսի՞ պատասխանատվություն կստանձնի:

Քննարկմանը ներկա էին շարքային քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական և քաղաքական գործիչներ:  5165 շարժման  առաջնորդ Կարին Տոնոյանն էլ  հարց ուղղեց Արման Թաթոյանին, նրա նոր այս նոր ձևաչափով գործունեության մասին.

«Պարոն Թաթոյան, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ դուք այսօր ունեք ամենաբարձր վստահությունը ժողովրդի մոտ, և գաղտնիք չէ նաև, որ այսօր մեր ազգի, մեր պետության ճակատագիրը կախված է մի խումբ «սրբազան խելագարներից», ովքեր կհամարձակվեն այս պահին պատասխանատվության բեռ վերցնելու իրենց վրա։ Պատասխանատվության ինչպիսի՞ մաս եք պատրաստ վերցնելու ձեզ վրա»։

Արման Թաթոյանն ասաց, որ ինքը շարունակելու է հանրային գործունեություն իրականացնել, և   այսօրվա հանդիպումն էլ այդ  գործունեության սկիզբը դնող առավել ակտիվ հանդիպումներից մեկն է․

«Նախատեսում եմ առավել ակտիվություն ցուցաբերել հանրային հարցերում։ Հանրային, նկատի ունեմ՝ մեզնից յուրաքանչյուրին վերաբերող հարցերը՝  ես իմ բնույթով այնպիսի մարդ եմ, որ ցանկացած աշխատանքային բնագավառում այդպես է եղել, երբ հարկ է եղել, ես տեսել եմ, որ կարող եմ ստանձնել պատասխանատվություն և լուծել խնդիրներ, ես դա արել եմ։ Այս պահին շարունակելու եմ իմ ակտիվ հանրային գործունեությունը՝ անմիջական կապի մեջ լինելով նաև մեր քաղաքացիների հետ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս