«Երկիրը հայ մարդունն է, այլ ոչ թե Փաշինյանինը, նա պարզապես պետք է երկիրը ղեկավարեր, այլ ոչ թե ծախեր ու նվիրեր». Վազգեն Սիսլյան
«Փողոցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բազմաթիվ մարդկանցից մեկն էլ ես եմ։ Ինձ համար առհասարակ անընդունելի է ապազգային իշխանությունը, ղեկավարությունը։ Ես անձնական խնդիրներ չունեմ, աթոռի համար չեմ պայքարում, պայքարում եմ հայրենիքիս փրկության համար։ Ես պայքարում եմ, որ Հայաստանը նորմալ ղեկավարություն ունենա, որը կպաշտպանի անկախությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը՝ անդրադառնալով իշխանության հրաժարականի պահանջով ապրիլից 17-ին Հայաստանում մեկնարկած բողոքի ակցիաներին։
Նա կոչ արեց իշխանություններին դադարեցնել իրենց այն հայտարարությունները, թե լեգիտիմ ճանապարհով են ընտրվել, քանի որ, եթե մեկին ժողովուրդն ընտրում է որպես ղեկավար, դա չի նշանակում, որ այդ նույն ժողովուրդը երկրի ճակատագիրը տալիս է նրա ձեռքին, որ ինչպես ուզենա՝ վարվի երկրի հետ։
«Երկիրը հայ մարդունն է, հայ քաղաքացունն է, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանինը, նա պարզապես պետք է երկիրը ղեկավարեր, այլ ոչ թե ծախեր ու նվիրեր։ Թե իշխանությունն ինչ պատճառաբանություններ է բերում, դա արդեն իր խնդիրն է, ոչ թե քաղաքացիների»,- հավելեց Վ. Սիսլյանը։
Նա հուսով է, որ փողոցում սկսված պայքարը կհասնի իր նպատակին։
«Եթե փողոց դուրս եկած մարդիկ ճիշտ աշխատեն, հետևողական լինեն, ապա հաջողությունն ու իշխանությունների հրաժարականն անխուսափելի է լինելու»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Միաժամանակ նա նշեց, որ Արցախի կարգավիճակը մշտապես է վտանգված եղել, նույնիսկ խաղաղ ժամանակներում, բայց նախկինում կարողանում էին ապահովել նրա անվտանգությունը, իսկ այսօր դրա համար ոչինչ չեն անում։
«Այսօր Արցախ գնալու համար հեծանիվի մի փոքր միջանցք են թողել։ Այսօր ոչ միայն Արցախը, այլև Հայաստանն է վտանգված։
Իշխանությունները հայտարարում են, որ այս ակցիաներով Հայաստանը ներքաշում են պատերազմի մեջ։ Եթե մարդիկ կարծում են, որ այսօր Հայաստանը խաղաղության մեջ է, սխալվում են։ Այսօր որևէ հայ, որևէ զինվոր պատերազմ չի ուզում, հետևաբար՝ թող նման հայտարարություններ չտարածեն։ Թող հեքիաթներ չպատմեն ինձ, կամ ո՞վ է ասել, որ խաղաղություն կնքելուց հետո պատերազմ չի լինելու։ Ո՞վ է մեզ խաղաղություն երաշխավորում՝ ոչ ոք»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին ու նկրտումներին՝ Արցախի, Երևանի, Սյունիքի և այլ տարածքների վերաբերյալ, Վազգեն Սիսլյանը նկատեց՝ այդ հայտարարությունները կոնկրետ իր համար նորություն չեն։
«Թուրքիայի Մեջլիսը որոշել է, որ երբ հայ-թուրքական սահմանը բացվի, որին դեմ եմ, անցակետի այդ հատվածը անվանել Թալեաթ փաշայի անունով։ Հիմա ես էլ առաջարկում եմ, որ մեր կողմի հատվածն էլ կոչեն Սողոմոն Թեհլերյանի անունով։ Իհարկե, չեմ հավատում, որ այս իշխանությունը նման հարց կբարձրացնի Թուրքիայի ղեկավարության առջև։ Այս իշխանության նման ապազգային իշխանություն ես որևէ տեղ չեմ տեսել։ Հների մասին չեմ խոսում, ինչ-ինչ էին, ապազգային չեն, ու փաստորեն ապազգային իշխանությունից ավելի վտանգավոր բան չկա»,- եզրափակեց Վազգեն Սիսլյանը։