«Արցախցիները կիսում են արժանապատիվ խաղաղության օրակարգը. Փաշինյանի խաղաղության օրակարգը ծնկաչոք, մուրացող օրակարգ է». Արթուր Մոսիյան
Այսօր Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և նրանց ղեկավարած կառավարությունների անդամների միջև Երևանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի և Արցախի կառավարությունների ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող պաշտոնյաները: ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է, որ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը՝ հավելելով, թե այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է»։
«Ինչպես պատերազմից առաջ, հետո և ընթացքում աշխատանքները մշտապես կոորդինացվել են, կարևոր ենք համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն մեր ծրագրերի վերաբերյալ այդ թվում՝ նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող բանակցությունների բովանդակությանը, ընթացքին, մարտահրավերներին և հնարավորություններին: Արցախի իշխանությունները նույնպես որդեգրում են խաղաղության օրակարգ, խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ, տեսնում եմ այն ճանապարհը, այն քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին մենք խոսում ենք, քննարկում են»,- ասել է Ն. Փաշինյանը:
Հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն էլ ասել է, որ իրենք ինքնորոշման իրավունքից շեղվելու ուղղություն չեն տեսնում։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ասաց, որ Արցախի հարցի լուծման ճանապարհն ու հանգրվանը տեսնում են, բայց առանց Նիկոլ Փաշինյանի։
«Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Արցախի հարցի լուծման մեր նշմարած ճանապարհն առանց Նիկոլ Փաշինյանի է, որովհետև մենք տեսանք, թե նրա նախընտրած ճանապարհը որն է»,- նշեց Արթուր Մոսիյանը։
Ինչ վերաբերում է Ալիևի այսօրվա հայտարարությանը, թե «Ղարաբաղի հայերից դրական ազդանշաններ են ստանում, սկսվել են նախնական շփումներ», և հարցին՝ ի՞նչ է իրականում կատարվում Արցախում, հնարավոր համարո՞ւմ է, որ Արցախի իշխանություններն ինչ-որ բանակցային շփումներ են փորձում սկսել Ադրբեջանի հետ, Արթուր Մոսիյանը հակադարձեց՝ իրենք Ալիևին ասելու բան չունեն, նա թշնամի է և թշնամի երկրի ղեկավար։
«Այստեղ զարամանալին այն է, որ Ալիևից ոչ պակաս Նիկոլ Փաշինյանն է մանիպուլյացնում հասարակությանը՝ իր խաղաղության օրակարգն առաջ տանելով։ Փաշինյանն ասում է, թե արցախցիները կիսում են իր խաղաղության օրակարգը, ես որպես արցախցի, քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ ասեմ՝ արցախցիները կիսում են արժանապատիվ խաղաղության օրակարգը, որի հետ Նիկոլ Փաշինյանը որևէ կապ չունի։ Նրա խաղաղության օրակարգը ծնկաչոք, մուրացող օրակարգ է, որն առհասարակ խաղաղության հետ կապ չունի։ Նրա առաջ քաշած խաղաղության օրակարգը կապիտուլյացիոն օրակարգի շարունակությունն է։ Խաղաղություն բառը շահարկելով՝ ինքը երկիրը տանում է կործանման։ Մեր արժանապատիվ ժողովուրդը կիսում է արժանապատվ խաղաղության օրակարգը առանց Նիկոլ Փաշինյանի»,- հավելեց Արթուր Մոսիյանը։
Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին էլ Արթուր Մոսիյանն ասաց. «Միանշանակ իրական եմ համարում, որ այդ պայքարը պետք է հասնի իր նպատակին, որովհետև դրա անհաջողությունը Հայաստանի ու Արցախի պետականության կորուստն է»։