Թռչնի կերը՝ օրվա խնդիր. Շատ արտադրողներ չեն կարողանա ապահովել
Հայաստանում թռչնի կեր ներկրելու խնդիրն օր օրի բարդանում է՝ և՛ գինն է բարձրանում, և՛ ներկրումն է դժվարանում:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի փոխանցմամբ՝ եթե առաջ ցորենը բերում էին 210 դոլարով, ապա հիմա ցորենի գինը կրկնակի թանկացել է՝ դարձել 430-440 դոլար:
«Ուշ է տեղ հասնում, ճանապարհները դժվարանցանելի են: Ցորենի գինն էլ չի իջնում, մինչև նոր բերքահավաք՝ օգոստոս, սեպտեմբեր, չի իջնի: Պահանջարկը շատ մեծ է, պատկերացրեք՝ շուկայում բավականին թվով թռչնաֆաբրիկաներ դադարեցրել են գործունեությունը, որովհետև ֆուրաժը (կեր) հիմնականում ստանում էին Ռուսաստանից: Մենք այստեղ եգիպտացորեն, սոյա չունենք, ամբողջությամբ դրսից ենք բերում, գարին քիչ է, հետո էլ մեզ չի փրկում դա: Հույսներս կապել ենք կառավարության որոշման հետ, որ լաստանավը, որ պետք է ձեռք բերեն, Փոթիից վագոններով ուղարկեն: Դա ամենաճիշտ տարբերակն է, 10 տարի քննարկվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահն անդրադարձավ նաև ձվի շուկայում տիրող իրավիճակին:
«Շուկայում կրկին 20 դրամանոց ձու կա, խայտառակ վիճակ է: Դա բերելու է նրան, որ մեծ քանակությամբ արտադրողներ փակվեն, վերջում էլ գինը կրկին բարձրանա՝ դառնալով, ասենք, 100 դրամ: Ինքնարժեքից ցածր է, դա վնաս է բերում: Դրսից ոչ մեկը չի ներկրել, ներսի արտադրողներն են, գերարտադրություն է եղել: Անցած տարի օգոստոսից մինչև նոյեմբեր ահագին գլխաքանակ բերեցինք, Զատիկին անգամ երկու անգամ գին իջեցրեցինք, բայց հիմա գերարտադրությունը շարունակվում է: Ուղղակի կերի հարցն է, որ շատ արտադրողներ չեն կարողանա ապահովել: Էլի գալիս է նույն պատմությունը, որ մենք սեփական կերի բազա չունենք՝ սեփական ծնողական հոտի տոհմային տնտեսություն, որ կարողանանք մենք ինքներս կեր ապահովել, ոչ թե անընդհատ դրսից բերենք»,- եզրափակեց Սերգեյ Ստեփանյանը: