Տարածաշրջանային «3+3»-ը՝ կրկին Բաքվի և Մոսկվայի օրակարգում

Ապրիլի սկզբից Վրաստանի ԱԳ նախարար նշանակված Իլիա Դարչիաշվիլին իր օտարերկրյա առաջին այցը կատարեց Ադրբեջան: Ապրիլի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով Վրաստանի ԱԳՆ նորանշանակ ղեկավար Իլիա Դարչիաշվիլիին, ասել է, որ հետհակամարտային շրջափուլում Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի միջև եռակողմ ձևաչափով փոխգործակցության համար լավ հնարավորություններ կան, և ադրբեջանական կողմը պատրաստ է դրան:

Ալիևը պնդել է, թե Վրաստանը կիսում է այդ տեսակետը, և հույս հայտնել, թե Հայաստանում նույնպես կհասկանան, որ դա միակ միջոցն է տարածաշրջանում կայունության և անվտանգության հասնելու ճանապարհին: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ՝ նկատելով, որ այս տարի Ադրբեջանն ու Վրաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Բաքու կատարած այցի ընթացքում Վրաստանի ԱԳ նախարարին ընդունել է նաև ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովը:

Ապրիլի 15-ին Ալիևն ընդունել էր վրացական մեկ այլ բարձրաստիճան պատվիրակության՝ ի դեմս Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի:

Զրուցակիցները, անդրադառնալով երկկողմ ձևաչափի հաղորդակցային, տրանսպորտային, էներգետիկ հարցերին, պայմանավորվել են աշխատել երկկողմ ապրանքաշրջանառությունն ու առևտրի ծավալները մեծացնելու շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի ու Վրաստանի երկաթուղիների միջև ավելի սերտ համագործակցությանն ու տարբեր նախագծերին, որոնցից մեկը Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի ծավալներն ավելացնելու հարցն էր:

Հարկ է հիշեցնել նաև, որ ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը Մոսկվայում 30 կետից բաղկացած համատեղ հայտարարություն էին ստորագրել, որի 30-րդ կետում ասվում էր, որ կողմերը նշում են «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հաջող մեկնարկը, որը կոչված է տրամադրել լրացուցիչ հնարավորություններ տարածաշրջանի բոլոր երկրների միջև երկխոսության առաջմղման և բազմապլանային համագործակցության համար, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը հրաժարվել է մասնակցել այս ձևաչափին: Ավելին՝ այս ձևաչափի առաջին հանդիպումը Մոսկվայում անցավ առանց Վրաստանի մասնակցության, թեև Վրաստանի պետական դրոշը տեղադրված էր բանակցային սեղանի մոտ:

«168 Ժամ»-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն մեկնաբանելով վրաց-ադրբեջանական բանակցությունների արդյունքները, այդ թվում՝ հարցը, թե ինչու է Վրաստանի ԱԳՆ առաջին այցը տեղի ունենում դեպի Ադրբեջան և ինչ կապ ունեն վրաց-ադրբեջանական պայմանավորվածությունները տարածաշրջանային «3+3» ձևաչափի հետ՝ ասաց, որ այցն Ադրբեջան պայմանավորված է այն հրատապ երկկողմ և տարածաշրջանային հարցերով, որոնք կան Վրաստանի և Ադրբեջանի օրակարգում, ու այն հանգամանքով, թե դրանցում ինչ նշանակություն ունի Ադրբեջանը:

«Եղել են բազմաթիվ այցեր: Այս փուլում, կարծում եմ՝ կա հագեցվածություն Ադրբեջանի հետ, կա ուկրաինական ճգնաժամ, տարածաշրջանային բազմաթիվ հարցեր, որոնք կարիք կար քննարկել: Սա չի նշանակում, թե Հայաստանի հետ հարաբերությունները պակաս կարևոր են: Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է պայմանավորվածություններին, ապա Վրաստանը չի կարող իրեն դուրս դնել Հարավային Կովկասից, որում ունի առանցքային դերակատարություն: Վրաստանը Հայաստանի ու Ադրբեջանի հետ համագործակցում է, համագործակցելու է: Հայաստանից ևս դրան դեմ կարծիքներ չեն հնչում: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Վրաստանի զգուշավորությունն ուկրաինական պատերազմի հարցում մեծ ուշադրության է արժանանում և դիտարկվում՝ որպես ռուսամետ քայլ, հատկապես ակտիվ կերպով շրջանառվելով ռուսական փորձագիտական տիրույթում ու ԶԼՄ-ներում: Սակայն, կարծում եմ՝ Վրաստանի զգուշավորությունը հիմնավորված է, դիվանագիտական հայտարարություններն արվում են, բայց արկածախնդրություն Վրաստանն իրեն չի կարող թույլ տալ: Տարածաշրջանային համագործակցության հարցով իսկապես կա կոնսենսուս, սակայն ավելի լայն իմաստով՝ չկա, ու բացառված է, որ լինի: Հասկանալի է, որ Ռուսաստանը ցանկանում է նման ձևաչափ, որպեսզի կտրի արևմտյան ազդեցությունը Հարավային Կովկասից, որն արտահայտված է հենց Վրաստանում: Ուստի քայլերի տրամաբանությունը հասկանալի է»,- նկատեց վերլուծաբանը:

Նա նաև կարծում է, որ Վրաստանը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում կարող է կարևոր օղակ դառնալ, որը կնպաստի տարածաշրջանին:

«Դա կնպաստի նաև տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայացվածության հավասարակշռմանը, հաշվի առնելով ՌԴ ազդեցությունը: Վրաստանի դերի բարձրացումը կնկշանակի նաև ԵՄ-ի դերի մեծացում: Այստեղ ուշագրավ հանգամանք է նաև այն, որ ԵՄ-ն իր հերթին՝ ևս ակտիվ աշխատում է Հարավային Կովկասում, որը Վրաստանին ևս հավելյալ վստահություն է հաղորդում տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից, քանի որ հանգամանքը, որ Վրաստանի արտաքին քաղաքական գլխավոր գործընկերը՝ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն տարածաշրջանում ունեն թույլ ազդեցություն, կաշկանդում են Վրաստանին»,- ասաց վերլուծաբանը, շարունակելով, որ չնայած պատերազմին Ուկրաինայում, դանդաղ բանակցային գործընթացները տարածաշրջանում շարունակվում են, որոնք պետք չէ անտեսել:

Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը կարծում է, որ Փաշինյան-Պուտին հայտարարությունում տարածաշրջանային ձևաչափի մասին առանձին կետի առկայությունը պատահական չէր: Նրա խոսքով, դա ցույց է տալիս ՌԴ տարածաշրջանային առաջնահերթությունները և այն, որ դա կարևոր նախաձեռնություն է Ռուսաստանի համար, չնայած նախաձեռնողը ոչ թե Ռուսաստանն է, այլ Թուրքիան:

«Այստեղ, իհարկե, գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ Վրաստանը հրաժարվում է մասնակցել դրան ՌԴ-ի պատճառով, ըստ էության, վեցնյակի ձևաչափն անհնար դարձնելով: Սակայն, միևնույն ժամանակ՝ չի բացառվում, որ ձևաչափը գոյություն ունենա առանձնացված 3+3 ձևաչափով՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրների բաշխմամբ: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ չնայած իր արտաքին քաղաքական վեկտորին՝ Վրաստանը ուկրաինական ցանկացած ելքի սպասում է ու այս պահին պահպանելով իր արտաքին վեկտորը՝ զսպվածություն է ցուցաբերում ուկրաինական պատերազմի ու Ռուսաստանի հարցում:

Արևմուտքը ևս բոլոր միջոցներով խոչընդոտում է նման ձևաչափի կայացմանը կամ ցանկացած ձևաչափի, որում ՌԴ-ն մասնակցություն կարող է ունենալ, իսկ այս փուլում Ռուսաստանը հատկապես կարևորում է և ակտիվացնում հնարավոր համագործակցությունների քաղաքականությունը, քանի որ Ռուսաստանի դեմ գործի են դրվել մասշտաբային նաև դիվանագիտական պատժամիջոցներ, որոնք միտված են Ռուսաստանին զրկելու գործընկերներից: Բնականաբար, սա ստիպում է Ռուսաստանին աշխատել ճգնաժամային պայմաններում ավելի ակտիվ ձևով»,- նկատեց փորձագետը:

Ըստ նրա, չի բացառվում նաև, որ Երևանն ու Բաքուն Վրաստանին փորձում են ներքաշել դեպի տարածաշրջանային ձևաչափեր նաև Մոսկվայի հորդորով: «Իհարկե, այս ձևաչափը կարող է արդյունավետ գործել ապագայում, եթե կայանան տարածաշրջանային կարգավորումները, որոնք դժվար ընթացք ունեն և կախված են մի շարք զգայուն հարցերից, հանգամանքներից: Վրաստանի դիրքորոշումը ևս խնդրահարույց ու բարդ է, ուստի այս պահին կարելի է ասել, որ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ այս ձևաչափի ապագայի համար»,- հստակեցրեց Սկակովը:

Տեսանյութեր

Լրահոս