Գերմանիայում նախազգուշացրել են 2023 թվականին համաշխարհային պատմության մեջ խոշորագույն ճգնաժամի մասին
Ուկրաինական ճգնաժամի պատճառով մատակարարումների շղթայի խախտումը կհանգեցնի պարարտանյութերի դեֆիցիտի եւ ֆերմերներին կզրկի բավարար չափով բերք ստանալու հնարավորությունից: Այդ մասին ասվում է Compact գերմանական հրատարակության հոդվածում:
«Հաջորդ տարի մեզ սպասում է մարդկության պատմության մեջ խոշորագույն պարենային ճգնաժամերից մեկը»,-հրատարակությունը մեջբերում է Bayer AG քիմիա-դեղագործական անդրազգային կորպորացիայի բաժնի ղեկավար Մատիաս Բեռնինգերի խոսքը: Նրա տեսակետը կիսում է տնտեսագետ Մատին Կայիմը, որի խոսքով՝ համաշխարհային սովի ճիրաններում կարող է հայտնվել մինչեւ հարյուր միլիոն մարդ: Ինչպես նշել է ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի ղեկավար Դեւիդ Բիզլին, սննդամթերքների անբավարարությունը կառաջացնի ընդգրկուն միգրացիոն հոսքեր, որոնց ֆոնին 2015 թվականի ճգնաժամը «նման կլինի ամառային զբոսախնջույքի»:
Եվրոպական երկրների համար հատուկ կարեւորություն են ներկայացնում Ուրալում եւ Բելառուսում պարարտանյութերի արտադրության կալիումական գործարանները, որոնք այժմ գտնվում են արեւմտյան պատժամիջոցների ներքո:
Որպես փոխարինողներ առաջարկվում է օգտագործել ազոտային պարարտանյութերը, բայց, ինչպես գրումէ հրատարակությունը, գազի թանկանալու պատճառով դրանք հնարավոր չի լինի արտադրել հասանելի գներով: Ուկրաինայի ապառազմականացման ու դենացիֆիկացման ուղղությամբ ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել է պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա: Սահմանափակիչ միջոցառումներն ամենից առաջ վերաբերել են բանկային համակարգին եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքին: Բազմաթիվ բրենդներ հայտարարել են ռուսաստանյան շուկայից հեռանալու եւ երկրում արտադրությունները փակելու մասին:
Կրեմլում նոր պատժամիջոցները որակել են տնտեսական պատերազմ, բայց ընդգծել են, որ պատրաստ են եղել իրադարձությունների նման զարգացմանը: Նաեւ Եվրոպայում ավելի բարձր են սկսել հնչել ռուսաստանյան էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին հայտարարությունները: ՌԴ-ից գազի ու նավթի մատակարարումներից հրաժարվելու ուղեգիծն ակտիվորեն պաշտպանվում է ԱՄՆ-ի կողմից, որն այլընտրանքային արտադրողներին կոչ է անում՝ ավելացնել իրենց արդյունահանումը:
Դրա հետ մեկտեղ Եվրոպան արդեն բախվել է վառելիքի գների աճին եւ դրանով պայմանավորված պարենային գնաճին, ինչն առաջացրել է բնակչության դժգոհությունը: Եվրոգոտու 19 երկրներում տարեկան գնաճը մարտ ամսվա արդյունքներով արագացել է, հասնելով 7,4 տոկոսի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: