Երկու տարբեր Ապրիլի 23-ներ. «Իզմերի» հաղթանակը

Այս տարի ապրիլի 23-ին անցկացված Ջահերով երթի մասին շատ խոսվեց ու դեռ կխոսվի: 1999թ.-ից իրականացվող այս միջոցառումն այս տարի աննախադեպ էր մասնակիցների քանակով ու էներգետիկայով: ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության և Նիկոլ Աղբալյան ուսանողական միության կողմից ամեն տարի կազմակերպվող այս երթին միացել էին նաև հիմնական ընդդիմադիր ուժերը և առաջնորդները՝ իրենց հազարավոր համակիրներով:

Ջահերով երթն այս տարի կրում էր խորհրդանշական «Զարթի՛ր, լաո» խորագիրը։

Ուշագրավ է, որ այս տարի Ջահերով երթի մեկնակետը ոչ թե Ազատության հրապարակն էր, ինչպես ամեն տարի, այլ Հանրապետության հրապարակը:

Այս տեսքն ուներ Հանրապետության հրապարակը 2022թ. ապրիլի 23-ին:

Ինչ խորագիր կամ գաղափարական հենք էլ որ ունենա Ջահերով երթը, ակնհայտ է, որ այն քաղաքական միջոցառում է. այդպես է եղել միշտ, այդպես է լինելու հետայսու, և ուշագրավ էր, որ տասնյակ-հազարավոր մարդիկ, անկախ իրենց քաղաքական հայացքներից, քաղաքական դերակատարների՝ իրենց նախընտրությունից, հավաքվել էին Հանրապետության հրապարակում՝ ասելու՝ Տեր ենք Արցախին:

Որևէ մեկի համար գաղտնիք չէր, թե ովքեր են մասնակցելու Ջահերով երթին, հայտարարվել էր ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, տարբեր քաղաքական ուժերի մասնակցության մասին, բայց դա չէր խանգարել, որ մարդիկ, շատերը՝ առաջին անգամ, մասնակցեն Ջահերով երթին: Սա՝ որպես պատասխան բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց անգործությունն ու լուռ երկրի կործանմանը հետևելն արդարացնում են սրա կամ նրա կողքը կանգնել չցանկանալու հանգամանքով:

Հանրապետության հրապարակ մարդկանց բերել էր գաղափարը, Արցախին տեր կանգնելու մղումը, նոր ցեղասպանությունից խուսափելու ձգտումը, երկիրը թշնամուն կտոր-կտոր չզիջելու հաստատակամությունը, իրենց հողին ամուր կպած լինելու հավատամքը:

Այսպես էր նաև 1988 թվականին:

Հենց գաղափարն էր, որ դարձավ հայրենիք ազատագրելու շարժիչ ուժը:

2022թ. ապրիլի 23-ին նույնպես գաղափարը դարձավ գերիշխող, դարձավ որոշիչ, հետագա գործողությունները պայմանավորող, ի վերջո, որոշում ձևակերպող՝ Տեր ենք Արցախին, թուրքից խաղաղություն մուրալ չկա, չենք մոռացել ու նախկինի պես հիշում ենք ու պահանջում, այլ ոչ՝ հիշում ենք ու խոնարհվում, ինչպես գործող իշխանություններն են խմբագրել:

Մի առիթով Նիկոլ Փաշինյանն ասել ու հետո բազմիցս վերահաստատել էր՝ մենք «իզմեր», ասել է թե՝ գաղափարախոսություն չունենք, 2018թ. ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյան մերժող անձանց գերակշիռ մասը, թերևս՝ նույնպես: Նիկոլ Փաշինյանը ձևակերպել էր իր էլեկտորատի գաղափարաբանությունը:

Այս լուսանկարում 2018թ. ապրիլի 23-ն է:

Իսկ թե ինչ եղավ հետո…

2022թ. ապրիլի 23-ը ցույց տվեց՝ հայ ժողովուրդը վերագտել է իր «իզմերը»…

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս