«Ի լուսավորումն խավարագիտության և …մտության. Մարուքյանը պետք է անհապաղ ազատվի պաշտոնից». Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի լուսավորումն խավարագիտության և …մտության. Մարուքյանը պետք է անհապաղ ազատվի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ (զուտ մատնանշում եմ իրավական ակտի տեսակը) 14.03.2022 թվական 269-Ա` Էդմոն Մարուքայնը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան` մոտ 700.000 դրամ աշխատավարձով (չհաշված պարգևավճարները):

Համաձայն «Հանրային ծառայության մասին» և «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքների` Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը համարվում է դիվանագիտական ծառայության պաշտոն:

«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` դիվանագետն իրավունք չունի խախտելու քաղաքական զսպվածության սկզբունքը` զբաղվելու կուսակցական գործունեությամբ կամ իր ծառայողական դիրքը կամ աշխատանքային միջոցներն օգտագործելու կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու:

Նույն հոդվածի համաձայն` դիվանագիտական պաշտոնի նշանակվելուց հետո մեկ ամսվա ընթացքում դիվանագետը պարտավոր է ապահովել անհամատեղելիության պահանջների կատարումը:

Ավելին` նույն օրենքի 40-րդ հոդվածի համաձայն դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատվելու հիմք է նաև անհամատեղելիության պահանջը, որն առկա է Էդմոն Մարուքյանի մոտ: Թե ինչն է պատճառ հանդիսացել, որ միմյանց ամենավուլգար, գրեթե հայհոյանք հիշեցնող ձևակերպումներով իրենց ելույթներում և կուլիսային զրույցներում միմյանց հասցեին արտահայտվող և զմիմյանս արժանի կողմերին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնի հարցում նման գործարքի գնալ, դա այլ հարց է:

Փաստ է այն, որ ըստ օրենքի` նրան նման պաշտոնի շնորհ արած անձը` Նիկոլ Փաշինյանը պարտավոր է Էդմոն Մարուքյանին անհապաղ ազատել զբաղեցրած պաշտոնից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին խնդրում եմ սույն գրառումը ընդունել որպես վարույթ հարուցելու մասին հաղորդում»:

Տեսանյութեր

Լրահոս