Բաժիններ՝

Մերժում ենք այդ հայտարարությունները. Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է Ջո Բայդենի ուղերձին

Թուրքիայում ԱՄՆ նախագահի ուղերձը ցավով են ընդունել, և ԱԳՆ–ն շտապել է արձագանքել դրան։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուղերձին` դատապարտելով այն, տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳ նախարարության կայքից։

Հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այսօր օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը։

«Պատմական փաստերին և իրավունքին անհամապատասխան հայտարարությունները վավերականություն չունեն: Մերժում ենք այդ հայտարարությունները և դատապարտում նրանց, ովքեր այդ սխալը պնդում են»,–ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Բայդենը նույն սխալն է անում։

Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ–ն նշում է, որ միակողմանի և ընտրական մոտեցումները, որոնք ոչ մի այլ նպատակի չեն ծառայում, քան պատմության մեջ թշնամանք առաջացնելը, բարոյապես խնդրահարույց և քաղաքականապես վնասակար են: Նշվում է, որ բարեխիղճ դիրքորոշումը պահանջում է հարգել բոլոր նրանց հիշատակը, որոնք այդ ժամանակաշրջանում տառապանքներ են կրել։

«Թուրքերն այն կարծիքին են, որ պատմության վիճելի դրվագները, ինչպիսիք են 1915 թվականի իրադարձությունները, պետք է ուսումնասիրվեն առանց նախապաշարմունքի՝ պահպանելով գիտական և իրավական սկզբունքները»,–ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն չի մոռացել նաև հայ–թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները` նշելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը դրսևորումն է այն հանգամանքի, որ Թուրքիան ձգտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս