Տիրան Խաչատրյանը՝ ԳՇ պետի և ժամանակավոր պաշտոնակատարի տարբերության մասին
ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի դիտարկմամբ, ԳՇ պետի պաշտոնակատար և ԳՇ պետ ունենալը տարբեր բաներ են:
«Լինել պաշտոնում նշանակված անձնավորություն և լինել պաշտոնի ժամանակավոր կատարող, դա պատասխանատվության, կարողությունների, հետագան պլանավորելու խնդիր է: Այսինքն, մարդը լինելով պաշտոնակատարի կարգավիճակում եթե ինչ-որ բան էլ պլանավորի՝ գիտի, որ շարունակականություն չի ունենալու, հենց ինքը բառը հուշում է՝ ժամանակավոր պաշտոնակատար: Եվ երկարատև միջոցառումներ, հեռանկարային ծրագրեր, մնացածը հարցերը պլանավորել արդեն չի ստացվի:
Իսկ դա այն կառույցն է, որը պետք է ոչ միայն կարճաժամկետ, այլև բավականին մեծ հեռանկարներ ունեցող, ժամանակ և ընթացք պահանջող ծրագրեր ունենա և իրագործի:Եթե կառույցը չունի ղեկավար, այնտեղ որևէ բանի ճիշտ կազմակերպում, դեռ չեմ ասում՝ արդյունավետ կամ պահանջներին համապատասխան չի կարող լինել:
Եթե չլինի ղեկավար՝ փոքրից մինչև ամենաբարձր նախարարությունում, քաոս կլինի: Այսինքն, ում խելքից ինչ փչի, բնազդային, ռեֆլեքտիվ լուծումներ է տրվելու: Այսինքն, հարց կառաջանա՝ լուծում կտան, և դրանք չեն լինի արդյունավետ, որովհետև այն պահանջը, որ պետք է դրվի, այն վերահսկողությունը, ապահովումները, որոնք պիտի իրականացվեն և կատարվեն, աղոտ են, չկան: Այս դեպքում պարզ է ինչ պետք է պահանջես ԳՇ-ից՝ ոչինչ, չկա ղեկավարություն»,- 168.am-ի հետ զրույցում ասել է գեներալը: