Հերթական միլիոնները՝ իշխանության աջակից Արմեն Մարտիրոսյանի «Անտարեսին»
2018 թվականի իշխանափոխությունից հետո 2019 թվականին 49 միլիոն դրամ պետությունից պատվեր ստացած և մեկ անձից գնմամբ Նիկոլ Փաշինյանի ձեռագիր երկտողի գովազդային արշավն իրականացրած «Անտարես» հրատարակչությունը հերթական անգամ 4.6 միլիոն դրամի պատվեր է ստացել պետությունից՝ առանց որևէ մրցույթի մասնակցելու և հաղթելու, հերթական պատվերը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։
Արդեն մոտ երկու ամիս է՝ առանց նախարար աշխատող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 4.6 միլիոն դրամ է հատկացրել «Անտարեսին»՝ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի գովազդային արշավի տպագրական նյութերը տպագրելու համար։
Գնումը կատարվել է «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ըստ որի՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ։
Թե որն է «Անտարեսի» հատուկ կամ բացառիկ իրավունքը, արդյոք այդ բացառիկ իրավունքից չունեն հայաստանյան բազմաթիվ այլ հրատարակչատներ, որոնք կարող էին իրենց, գուցե և բացառիկ առաջարկներով, բացահայտվել մրցույթի դեպքում: Իսկ հնարավո՞ր է, որ «Անտարեսի» բացառիկությունը պայմանավորված է տնօրեն Արմեն Մարտիրոսյանի բացառիկ նվիրվածությամբ ու մշտական աջակցությամբ Փաշինյանին ու նրա իշխանությանը: Դեռ 2018-ին «Անտարես»-ն է հրատարակել Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը։
Հենց այս հրատարակչությանը նախապատվություն տալու մասին որևէ պարզաբանում կամ հիմնավորում չգտանք ԲՏԱ նախարարություն-«Անտարես» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրում։