Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնել է պատրիարք Կիրիլի հետ նոր հանդիպումը հետաձգելու մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ լավ հարաբերությունները եւ ափսոսանք է հայտնել հանդիպումը հետաձգելու կապակցությամբ, որը պլանավորվել էր անցկացնել հունիսին, Երուսաղեմում։
«(Հարաբերությունները) շատ լավ են: Ափսոս, որ Վատիկանը ստիպված է եղել հետաձգել պատրիարք Կիրիլի հետ երկրորդ հանդիպումը, որը մենք նշանակել էինք հունիսին, Երուսաղեմում, բայց մեր դիվանագիտությունը եկել է այն եզրակացության, որ այս օրերին հանդիպումը կարող է հանգեցնել մեծ խառնաշփոթության»,-քահանայապետն ասել է La Naciցn արգենտինական հրատարակությանը տված հարցազրույցում: Պապի խոսքով՝ ինքը միշտ հանդես է եկել միջկրոնական երկխոսության օգտին:
«Ինչպես բազմիցս ինձանից լսել եք, ինձ համար համերաշխությունը հակամարտությունից բարձր արժե»,-ասել է քահանայապետը: Մեկնաբանելով այցը Վատիկանում Ռուսաստանի դեսպանություն՝ պապը հաղորդել է, որ այնտեղ մենակ է եղել:
«Ես չեմ ցանկացել, որպեսզի որեւէ մեկն ինձ ուղեկցեր, դա եղել է մի որոշում, որն ընդունել եմ ես, եւ իմ անձնական պատասխանատվությունը»,-ասել է նա:
Փետրվարի վերջին Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է Սուրբ Աթոռի միջնորդության հնարավորությունը Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման գործում:
«Քահանայապետն այցելել է Վատիկանում Ռուսաստանի դեսպանություն եւ հանդիպում ունեցել դեսպան Ալեքսանդր Ավդեեւի հետ՝ փորձելով հանդես գալ որպես հակամարտության միջնորդ»,-այն ժամանակ հաղորդել է Telam արգենտինական գործակալությունը՝ չներկայացնելով հանդիպման ոչ մի այլ մանրամասնություն: Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջին հանդիպումը պատրիարք Կիրիլի հետ կայացել է 2016 թվականի փետրվարին, Կուբայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: