Գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ հանցակազմ չի տեսնում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջերս ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ զոհված տղաների ծնողների Դատախազություն ներկայացրած հանցագործության վերաբերյալ հաղորդմանը և հարցին, թե չկա՞ արդյոք հանցակազմ այդ հայտարարություններում, պատասխանեց.

«Մենք բազմիցս հրապարակային ապահովել ենք տեղեկատվություն, որ դեռևս նախորդ տարի Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցված և ներկայումս հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրեական գործ, և այդ քրեական գործի քննության առարկան է ըստ էության 44-օրյա պատերազմի նախապատրաստվելու, պատերազմի ամբողջ գործընթացում ռազմաքաղաքական ղեկավարության, յուրաքանչյուրի կողմից իր գործողությունները, պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև դրանց արդյունքների հետ դրանց պատճառական կապը»,- նշեց Արթուր Դավթյանը։

Ըստ նրա՝ այդ քրեական գործը ծավալուն է, քննության առարկա դարձած նյութերն ի վերջո պետք է պատասխան տան այն հարցերին, թե մինչ պատերազմական իրավիճակը, պատերազմի ամբողջ ընթացքում ռազմաքաղաքական մեր ղեկավարությունը իր պարտականություններն այս կամ այն ուղղությամբ իրավաչա՞փ է իրականացրել, թե՞ ոչ։

«Զոհված զինծառայողների հարազատների կողմից ներկայացրած հաղորդումը, ԱԺ նիստերի ժամանակ վարչապետի ելույթում հնչեցրած համապատասխան մտքերին և այդ խոսքերը մեր կողմից արդեն իսկ ուղարկվել էին, հետևաբար նաև այդ հաղորդմամբ ներկայացված նյութը դարձալ ուղարկվեց Հակակոռուպցիոն կոմիտեի՝ քննության առարկա դարձնելու համար»,- շեշտեց Ա. Դավթյանը։

Հարցին՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության մեջ հանցակազմ կա՞ր, քանի որ ընդդիմադիրները հայտարարում են, որ իրավապահները պետք է գային խորհրդարան և իրականացնեին համապատասխան գործողություններ, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ համաձայն չէ այդ գնահատականի հետ։

«Նույն հաջողությամբ, կարող էր այդպիսի մեղադրանք առաջադրվել այն դեպքում, երբ մեր պետության՝ առանց համապատասխան պաշտպանություն կազմակերպելու դեպքում, տարածքներ զիջվեին թշնամուն։ Դրա համար իմ ասելիքն այն է, որ պատերազմական գործողությունները կարող էին կանգնեցվել, կարող էին չիրականացվել, դրանք քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ պետք է համադրվեն։ Այդ քրեական գործի առաջին իսկ փուլից մենք առնվազն դատախազական ներգործության միջոցներով ձեռնարկել ենք ու ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի իրականացվի այդ քրեական գործով լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն։ Իհարկե, հասկանում ենք, բարդություններ շատ կան, դժվարություններ շատ կան, ծավալուն աշխատանք է պետք իրականացնել, բայց մենք ևս շատ շահագրգիռ ենք, որպեսզի ժամ առաջ այդ տեղեկություններն ամբողջականանան»,- շեշտեց Գլխավոր դատախազը։

Ըստ նրա, քրեական գործի առարկային առնչվող ցանկացած հրապարակային խոսք, որը կհնչի վարչապետից, որևէ մեկից, համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի այդ նյութերը լինեն այդ քրեական գործում։ Այդ հանգամանքները պետք է համադրվեն, այդ թվում՝ այդ անձինք պետք է հարցաքննվեն։

Իսկ վարչապետը հարցաքննվե՞լ է, հարցին էլ Արթուր Դավթյանը պատասխանեց.

«Բնականաբար, վարչապետն այդ քրեական գործով տեղեկություններ հայտնելու իրավունք ու պարտականություն ունի, այսինքն՝ նախաքննական մարմինը, նրա պարզաբանումները բազում հարցերի շուրջ պետք է ստանա, իսկ թե հարցաքննվել է, չի հարցաքննվել, քանի անգամ կհարցաքննվի, ապա թույլ տվեք այս պահին դեռևս չասեմ»,- ասաց Գլխավոր դատախազը։

Տեսանյութեր

Լրահոս