«Ղարաբաղը նորից առաջվանը պետք է լինի․ Փաշինյանը մըշտեղան որ յեր կենա, լոխ լավ ա ինյան»․ արցախցի կին
168.am-ի նկարահանող խումբը նախորդ շաբաթ Արցախի Հանրապետությունում էր: Եղել ենք՝ ինչպես մայրաքաղաք Ստեփանակետում, այնպես էլ՝ գյուղական բնակավայրերում։
Ասկերանի շրջանի Իվանյան (Խոջալու) գյուղում հանդիպեցինք 82-ամյա Գյոզալ Մոսիյանին, որ հենց իր տան մոտ նստած՝ իր աճեցրած կանաչիներն էր մաքրում, մի մասը՝ իրենց, մյուս մասն էլ՝ վաճառքի համար։
Տիկին Գյոզալին առաջարկեցինք զրուցել մի փոքր, չմերժեց ու սկսեց պատմել, որ Իվանյան տեղափոխվել են 1990-ական թվականներին, երբ Խրամորթ գյուղն անցել էր թշնամու վերահսկողության տակ, իսկ, երբ այն ազատագրվեց, ինքը չվերադարձավ հայրենի Խրամորթ, քանի որ այդ ընթացքում որդին զոհվել էր, և նրա շիրիմը չէր կարող թողնել այստեղ ու վերադառնալ Խրամորթ։
«Ես բուն Խրամորթից եմ, որ առաջին անգամ ադրբեջանցիները Խրամորթը վերցրել են՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, եկել ենք այստեղ։ Երեխաս զոհվել է, Նորագյուղում է, հողին է հանձնված (Նորագյուղը Իվանյանի հարևան գյուղն է), դրա համար մնացել եմ այստեղ, էլ քյացալ չեմ, որ երեխուս մոտ լինեմ․․․
Որ եկել ենք այստեղ, սաղ այրած, վառած պատեր են եղել․․․ Օրեր են եղել՝ մունք սոված ենք մնացալ, ոչ մի օգնություն չի եղել, ոչ մի բան, փառք Աստծո հիմա, ամեն ինչ նորմալ է, աշխատում ենք, յոլա ենք գնում, մեզ ոչ մի օգնություն պետք չի, մենակ թե խաղաղություն լինի․․․
Հիմա չգիտեմ՝ ապագա չկա՞, ապագա կա՞, խաբար չունենք, թե կփախչենք, թե կմնանք, չգիտեմ, բայց ամեն դեպքում էլ փախչելու տեղ չկա, մերն էս ա, ֆսյո, պետք է մնանք»։
Տիկին Գյոզալին դուր չի գալիս, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչում մեղադրում են նախկին ղեկավարներին, ավելին՝ ինքն այս ամենի համար մեղադրում է հենց Նիկոլ Փաշինյանին, ասում է՝ Փաշինյանն է վաճառել իր հայրենիքը․
«Ասելու բան չկա․․․ Գյուդում չես՝ էդ Փաշինյանին որտեղի՞ց գտաք, որ էսքանը վաճառեց, մնացինք․․․։ Ամեն խոսելիս ասում են՝ նախկիններն են արել։ Դուք հիշո՞ւմ եք՝ առաջին պատերազմից հետո ինչ վիճակ է եղել, թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում, հիշո՞ւմ եք, որ լույս չի եղել, գազ չի եղել, մարդիկ կոշիկ են հավաքել, վառել՝ տաքացել։ Փառք Աստծո, արդեն դուրս էինք եկել այդ վիճակից, սկսել էինք լավ ապրել, բայց այսքանը նորից գետնով տվեցին ու ասում են՝ նախկինները։ Եթե նախկինները մնացած լինեին, մենք հիմա այս կոտրած տաշտակի առաջ չէինք կանգնի․․․»։
Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի՝ «խաղաղության դարաշրջան» բացելու վերաբերյալ հայտարարությանը, հարցրեցինք տիկին Գյոզալին․
«Այ մարդ, Ղարաբաղի 80 տոկոսը տվել է, Հայաստանի սահմանները տվել է, գյուղերը տվել է, ի՞նչ է սպասվում, ո՞նց կարող ես քո կեսը տալ։ Պատկերացրեք՝ ծնողն իր խոխան տա, ինքն այս ղոլը նստի, կարո՞ղ է՝ դա խաղաղություն է կոչվում, չէ՛․․․ Մինչև Ղարաբաղն ինքնահաստատվի ոչ, ասին ոչ՝ հանրապետություն, ոչ մի խաղաղություն էլ սպասվում չի։ Փաշինյանն ասում է՝ խաղաղության դարաշրջան է բացում, ո՞ւմ հետ, մի խումբ մարդկանց համար, էլի, որ հարստանան։ Կարող է խոսքերս իրենց վիրավորի, բայց իրականությունը դա է․․․
Մեկ է, մեր Ղարաբաղը մինչև Հադրութ մերը պետք է լինի, մանավանդ Շուշին, որ ճանապարհ են փակում, անպայման մերը պետք է լինի, իրանց Շուշի՛ չի եղել․․․ Այսօր էլ ասում են՝ Փառուխ։ Փառուխը կյանքում թուրք տեսած չի, մանավանդ Քարագլուխը, այնտեղ թուրք բարձրացած չի։ Միևնույն է, Քարագլուխը, հնարավոր չէ, որ մնա նրանց, Քարագլուխն անպայման մերը պետք է լինի, ոչ թե միայն Քարագլուխը, այլ մինչև Հադրութ, Ղարաբաղը նորից առաջվանը պետք է լինի, մենակ թե Փաշինյանը մըշտեղան, որ յեր կենա, լոխ լավ ա ինյան․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում