Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնել թիվ 1 բորտով, և ինչո՞ւ է ավիաընկերության ընտրությունը կոնֆիդենցիալ գաղտնիք
Այսօր մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում վերջինիս դիմավորման կադրերից պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ է մեկնել ոչ թիվ 1 բորտով:
Կադրերում հետին պլանում «Armenia» ավիաընկերության ինքնաթիռն էր, որով էլ Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Մոսկվա:
Թիվ մեկ բորտի նախկին հրամանատար Գրիգոր Հայրապետյանը, ով արդեն 6 ամիս է՝ տարիքի բերումով չի հանդիսանում կառավարական օդանավի հրամանատարը, 168.am-ի հետ զրույցում ասաց՝ տեղյակ չէ, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ՌԴ չի մեկնել թիվ մեկ բորտով: Այլ հարցերի վերջինս չցանկացավ պատասխանել:
Մեզ հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն ասաց՝ որպես կանոն, երկրի վարչապետը թիվ մեկ բորտով չի թռչում այն ժամանակ, երբ թիվ 1-ը տեխնիկական զննման, տեխսպասարկման աշխատանքների է կանգնած, իսկ նա պետք է մեկնի ինչ-որ տեղ:
«Երբ մի օդանավ է սպասարկում վարչապետին ու կառավարությանը, ստիպված են լինում դիմել այլ ավիաընկերությունների ծառայություններից օգտվելու համար: Օրինակ, Ռուսաստանում 3 տասնյակից ավելի օդանավեր են սպասարկում երկրի ղեկավարին ու կառավարությանը, 235-րդ թռիչքային ջոկատն է: Այս պարագայում նրանք կարող են օդանավ փոխել: Մենք չունենք 2-րդ օդանավը, որ փոխենք»,- ասաց Հակոբ Ճաղարյանը:
Հարցին՝ ենթադրում է, որ պատճառը թիվ 1 բորտով չմեկնելու դա՞ է, ավիացիոն մասնագետը պատասխանեց՝ միանշանակ, ես հաստատ գիտեմ, որ օդանավը տեխսպասարկման է կանգնած: Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ավիաընկերության, տվյալ դեպքում՝ «Armenia»-ի ընտրությունը թռիչքի համար, Հակոբ Ճաղարյանն ասաց, որ դա պետական գնում է:
«Պայմանավորված է «Պետական գնումների մասին» օրենքի կարգավորումներով: Իմ կարծիքով՝ առաջարկությունը եղել է հայկական գրանցում ունեցող ընկերություններին, և ով ավելի լավ պայմաններ է ներկայացրել, հավանաբար նրան էլ տրվել է թռիչքը իրականացնելու հնարավորությունը: Կամ էլ մի անձից կատարված գնում է, բայց ես չեմ կարող մեկնաբանել՝ ինչով է պայմանավորված «Armenia»-ի ընտրությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը՝ հավելելով, որ ավիաընկերության տնօրենը վրացահայ է, ՀՀ քաղաքացի, ինչպես նման դեպքերում պահանջում է օրենքը:
«Armenia» ավիաընկերության գործադիր տնօրեն Գևորգ Խաչատրյանին հարցրեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելու համար իրենց ավիաընկերության ընտրությունը:
«Կներեք, այդ թեմայով ոչ մի հարցի չենք կարող պատասխանել, որովհետև առհասարակ պետական ցանկացած այցի մասին որևէ ինֆորմացիա կոնֆիդենցիալ է: Ճիշտ կլինի, որ պետական մարմնից ճշտեք»,- ասաց նա:
Կառավարության հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, իսկ Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ խոսնակ չունի:
Գոհար Սավզյան