Առաջին պաշտոնական այցը Մոսկվա. Ինչո՞ւմ է Փաշինյանի մոսկովյան այցի ինտրիգը
Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում սկսվում է Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական երկօրյա այցը Ռուսաստանի Դաշնություն:
ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ այցի շրջանակում Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կքննարկվեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր, անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:
«Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ»,- ասված է հաղորդագրությունում:
Նախատեսված է նաև այց Նիժնի Նովգորոդ: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, Պուտինն ու Փաշինյանն անդրադառնալու են ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցերին, որոնք վերաբերում են ռազմավարական գործընկերությանը։
«Բացի այդ, քննարկվելու են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները»,- նշում է Kremlin.ru-ն:
Օրերս «Ռոսիա 1» հեռուստաալիքի՝ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր. «Ռուսաստան պաշտոնական այցով կժամանի Հայաստանի վարչապետը: Միջազգային ասպարեզում ստեղծված ներկայիս իրավիճակում հատուկ նշանակության իրադարձություններ են տեղի ունենում: Եկող շաբաթ Պուտինը կշարունակի նաև տնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցությունների շարքը. զրույց տեղի կունենա այն մասին, թե ինչ է տեղի ունենում մետաղագործության ոլորտում»: Հայաստանյան մի շարք շրջանակներ Պեսկովի «հատուկ նշանակության իրադարձություն» որակումը վերագրեցին Փաշինյանի այցին Մոսկվա:
Այցը, բնականաբար, տեղի է ունենում աշխարհի համար աննախադեպ պայմաններում, երբ Ռուսաստանը չի դադարեցնում պատերազմն Ուկրաինայում, որի ֆոնին աշխարհաքաղաքական պայքարը երբեմնի ամենաթեժ փուլն է ապրում, և աշխարհաքաղաքական մրցապայքարը Հարավային Կովկասում ու Հայաստանի շուրջ ևս լարվել են:
Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ մինչ Մոսկվա մեկնելը Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ում միջնորդությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԱԳ նախարարներին հանձնարարել սկսել աշխատանք Խաղաղության համաձայնագրի նախապատրաստման վրա: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին:
«Փաշինյանը և Միշելը քննարկել են նաև ԵՄ-ի Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ եվրո հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարևորությունը: Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը և ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում: Փորձագիտական հանրության ուշադրությունից չի վրիպում հանգամանքը, որ երկար դադարից հետո հենց ՌԴ այցի նախօրեին է ԵՄ-ն հիշեցնում այս փաթեթի մասին, վստահեցնում, որ այն ուժի մեջ է:
Այս համատեքստում ուշագրավ է հիշել վերջերս Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթները, որոնցում նա նշեց, որ միջազգային հանրությունը ՀՀ-ին հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար:
«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»,- ասել էր նա:
Ի դեպ, հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ, այսպես կոչված, միջազգային հանրությունից միայն Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էր ողջունել այս ելույթը:
Թվիթերում արած գրառման մեջ եվրոպացի դիվանագետն ընդգծել էր, որ «համապարփակ կարգավորման ճանապարհին դեռ շատ մարտահրավերներ կան, բայց կարևոր է առաջ շարժվել»:
«Հայաստանն ունի Եվրամիության աջակցությունը՝ արդար խաղաղության որոնման գործում»,- գրել էր Տոյվո Կլաարը՝ տպավորություն ստեղծելով, թե ԵՄ-ն Փաշինյանի նշած մոտեցման հեղինակն է կամ հեղինակներից:
Փաշինյանի մոսկովյան այցին ընդառաջ և Հարավային Կովկասում ԵՄ ջանքերի ֆոնին շատ ավելի հաճախ էր խոսվում այս իշխանության կողմից արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության նախապատրաստման մասին, ուստի այցն այդ առումով շրջադարձային է որակվում, և նշվում, թե Մոսկվան պետք է հասկանա Երևանի աշխարհաքաղաքական մտադրությունները: