Հավաստագիր չունեցող անձի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվելու են. Սոնա Սարգսյանը՝ բուժաշխատողների պարտադիր հավաստագրման, ոլորտում ավելի գիտակ մասնագետներ ունենալու մասին
Բժիշկները, դեղագետները, բուժակները, բուժքույրերն ու դեղագործները պարտադիր հավաստագրում կանցնեն: Ավագ և միջին բուժաշխատողների համար դեռևս 2016թ. է սահմանվել այս պահանջը: Առաջին շրջափուլն ընդգրկում է 2016 թվականի մայիսի 4-ից 2023 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածը:
ՀՀ ԱՆ ԱԱԻ (Առողջապահության ազգային ինստիտուտ) Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանի հետ զրուցել ենք հավաստագրման, ոլորտում ավելի գիտակ մասնագետներ ունենալու և այլ հարցերի շուրջ:
– Տիկին Սարգսյան, շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգը գործում է 2016 թվականից, ո՞րն է դրա նպատակը:
– Բուժաշխատողների աշխատանքի առանձնահատկությունները, մարդկանց կյանքի և առողջության պահպանման գործում մեծագույն պատասխանատվությունը պահանջ են ստեղծում նրանց պարտադիր շարունակական կրթության։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն` ՀՀ-ում ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային մոդելը և սահմանվել ավագ և միջին բուժաշխատողների համար հավաստագրում անցնելու պահանջը: ՇՄԶ հավաստագիրը բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվությունն է, որը տրվում է օրենքով նախատեսված դեպքերում՝ ՇՄԶ կրեդիտներ հավաքելու և յուրաքանչյուր շրջափուլում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեություն իրականացնելու դեպքում։ Ներկայիս մոդելն ավելի ճկուն է, համահունչ միջազգայնորեն ընդունված չափանիշներին։ Այն հնարավորություն է տալիս բուժաշխատողներին` կրեդիտներ հավաքել ՇՄԶ շրջանակներում կրեդիտավորման ենթակա գործունեության տարբեր տեսակներից՝ ելնելով բուժաշխատողի մասնագիտական կարիքից և նախընտրությունից, խթանում է բուժաշխատողների միջազգային շարժունությունը:
– Ավագ բուժաշխատողների, դեղագետների, միջին բուժաշխատողների, դեղագործների համար որքա՞ն կրեդիտ է անհրաժեշտ, ու ինչպե՞ս են այն ձեռք բերում. վերապատրաստման դասընթացների, սեմինարների մասնակցելո՞վ: Կա՞ կրեդիտների տարբերություն՝ կախված նրանից՝ ՀՀ-ո՞ւմ է մասնակցել սեմինարի, թե՞ արտասահմանում:
– Պահանջվող կրեդիտների նվազագույն քանակն ամրագրված է վերոնշյալ օրենքով. յուրաքանչյուր շրջափուլի համար ավագ բուժաշխատողները (բժիշկները) պետք է հավաքեն առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետները՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողները (բուժքույր, բուժակ)՝ 140 ՇՄԶ կրեդիտ, և դեղագործները՝ 100 ՇՄԶ կրեդիտ:
Հայաստանում գործում է ՇՄԶ կրեդիտների 3 տեսակ՝ տեսական, գործնական և ինքնակրթության կամ ինքնազարգացման համար շնորհվող կրեդիտներ: Տեսական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում տեսական մասնագիտական դասընթացներին, օրինակ՝ սեմինար, դասախոսություն, գիտաժողով, համագումար և այլն, մասնակցության կամ իրականացման համար: Գործնական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում գործնական ակտիվություն պարունակող գիտագործնական միջոցառումներին, օրինակ՝ վարպետաց դասի մասնակցության կամ իրականացման համար:
Ինքնակրթության, ինքնազարգացման կրեդիտները տրամադրվում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի յուրացման կամ դրանց մշակման, ինչպես նաև գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման համար:
Արտերկրի կրեդիտավորող մարմինների կողմից կրեդիտավորած միջոցառումների շրջանակներում շնորհված ՇՄԶ կրեդիտները ՀՀ-ում ճանաչվում են «1 կրեդիտ = 1 կրեդիտ» սկզբունքով։
– Եթե ավագ և միջին բուժաշխատողները հավաստագրում չեն անցել, կարողանալո՞ւ են աշխատել, թե՞ խնդրի առջև են կանգնելու: Արդյո՞ք սա կնպաստի, որ ոլորտում լինեն ավելի գիտակ մասնագետներ:
– Հավաստագրման առաջին շրջափուլն ընդգկում է 2016 մայիսի 4-ից 2023-ի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածը։ Վերջնաժամկետի ավարտից հետո ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվելու են օրենսդրությամբ սահմանված կարգով՝ բացառությամբ առաջին անգամ մասնագիտական գործունեություն սկսող մասնագետների, որոնց համար նախատեսված է առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր: Հարկ է նշել նաև, որ բուժաշխատողները, ովքեր չեն հավաքել ՇՄԶ կրեդիտների օրենքով սահմանված նվազագույն քանակը, սակայն կուտակել են պահանջվող քանակի առնվազն 70%-ը կամ չունեն բավարարող մասնագիտական գործունեության ստաժ, ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով, կարող են անցնել թեստավորում և հաջողությամբ ավարտելու դեպքում ստանալ ՇՄԶ հավաստագիր։
Ինչ վերաբերում է ավելի գիտակ մասնագետներ ունենալուն, ապա շարունակական բժշկական կրթության որակի բարձրացումն անմիջականորեն կապված է և միտված է բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանը։