Նազելի Բաղդասարյանի եղբոր դեմարշի պատճառները. ի՞նչ է տեղի ունեցել Գյումրու քաղաքապետարանում
Գյումրու Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, ինչպես հայտնի է, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չհավաքեց բավարար ձայներ՝ միանձնյա ստանձնելու համար քաղաքի կառավարումը: Հաղթեց «Բալասանյան դաշինքը», որը, սակայն, դաշնագիր կազմեց ՔՊ-ի հետ, ու քաղաքի դե ֆակտո կառավարումն ըստ էության անցավ ՔՊ-ին:
Այս ընտրությունները կյանքի ու մահու հարց էին դարձել Շիրակի գործող մարզպետ Նազելի Բաղդասարյանի համար, ով դեռ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ համակարգում էր իր թիմի համար ամեն գնով հաղթանակ ապահովելու աշխատանքները:
Հենց ընտրություններում կրած անհաջողության պատճառով էլ, ըստ Գյումրիում տարածված լուրերի, Նազելի Բաղդասարյանը մայրաքաղաքից «արտաքսվեց» Գյումրի:
Ինչևէ, երկրորդ փուլով փաստացի փոխքաղաքապետերի ու քաղաքապետարանի առանցքային վարչությունների ու բաժինների ղեկավարումը հաջողությամբ ՔՊ-ի համար ստանալով՝ սկսեցին «աշխատել»…
Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, չդարձավ փոխքաղաքապետ, ինչպես ի սկզբանե պլանավորել էր քույրը, սակայն ստացավ Գյումրու ավագանու անդամի մանդատ, իսկ վերջինիս կինը՝ Նազելի Բաղդասարյանի հարսը՝ Անի Քոչարյանը, սկսեց կատարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
Եվ ահա այսօր տեղեկացանք, որ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագրից», վայր է դնում ավագանու իր մանդատը։ Նա հրապարակել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին ու Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին հղված իր դիմումները։
Իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել նաև Արման Բաղդասարյանի կինը, ով, ինչպես նշեցինք, Գյումրու քաղաքապետարանում պաշտոնյա է:
«Հարգելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ 2022թ.-ի ապրիլի 15-ից սեփական դիմումի համաձայն այլևս չեմ զբաղեցնում Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի Ժ/Պ պաշտոնը»,- գրել էր նա:
Ավելի ուշ Արման Բաղդասարյանը ևս մեկ գրառում էր կատարել, ըստ որի՝ իր հրաժարականի պատճառն այն է, որ իրենք ձախողում են քաղաքի կառավարումը, ուստի ինքն ընդունում է մեղքի իր բաժինը և կրում պատասխանատվություն իր մասով։
Արման Բաղդասարյանը, համենայն դեպս, շառից-փորձանքից հեռու, իր գրառման վերջում հավելել է, որ անկախ զարգացումներից՝ ինքը մնացել է հեղափոխության գաղափարների ու արժեքների կրողը:
168.am-ի տեղեկություններով՝ Գյումրու ավագանիում «Բալասանյան դաշինքի» և «Քաղաքացիական պայմանագրի» միջև լարվածությունն ու խնդիրները վաղուց են առաջացել: Գյումրիում ասում են՝ Արման Բաղդասարյանը որևէ կերպ չի ընդունել իր քաղաքական թիմի դաշինք կազմելու փաստը «Բալասանյան դաշինքի հետ»:
Ավելին, Գյումրու ավագանու վերջին երկու նիստերի ընթացքում Արման Բաղդասարյանը բացահայտ ընդդիմադիր կեցվածք է ընդունել, սուր հարցեր տվել քննարկումների ժամանակ, ընդդիմանալ որոշումներին, ակհայտ խնդիրներ ստեղծել ինչպես «Բալասանյան դաշինքի», այնպես էլ իր թիմի համար:
Բանը հասել է այնտեղ, որ մի քանի օր առաջ, ըստ Գյումրիում տարածված լուրերի, տուրուդմփոց է տեղի ունեցել կոալիցիոն երկու ուժերի միջև: Արդյունքը եղավ այն, որ երեկ երեկոյան Արման Բաղդասարյանը հրաժարվեց Գյումրու ավագանու իր մանդատից ու ՔՊ կուսակցությանն անդամությունից, կնոջն էլ հանեց աշխատանքից:
Թե ինչպես այս դեմարշը կանդրադառնա Արման Բաղդասարյանի մարզպետ քրոջ՝ Նազելի Բաղդասարյանի աշխատանքային գործունեության վրա, կիմանանք առաջիկայում: