«Նիկոլը և իր խունտան քանդում են Հայաստան պետությունը՝ հայ մարդուն դարձնելով անպաշտպան, կախյալ ու մուրացիկ». Արտակ Զաքարյան
168.am-ի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը։
– Պարոն Զաքարյան, Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին ԱԺ-ում ասաց, որ սահմանը պետք է ոչ թե զինվորները պահեն, այլ սահմանապահները, և միջադեպեր չեն լինի այն ժամանակ, երբ այդ սահմաններին նշաններ լինեն։ Կարո՞ղ ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը սրանով հստակ հայտարարեց, որ Հայաստանը բանակ չի կարող ունենալ, և այդ բանակի զինվորը չի կարող սահման պահել։
– Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Հայաստանը Զինված ուժերի առումով զգալիորեն թուլանա։ Դեռ մինչև պատերազմը քայքայեց բանակն իր հիմար քաղաքականությամբ, ապօրինի ձերբակալություններով և բանակի ոգին թուլացնող կեղծ հայտարարություններով։ Դրանից հետո քաոսը և անկառավարելի իրավիճակը, որը ստեղծեցին, դրանով ըստ էության պետությանը չպատրաստեցին պատերազմի, իսկ դրա համար ընդամենը 24 ժամ ժամանակ է պետք։ Սակայն նրանք ամեն ինչ արեցին, որ ռազմական գործողությունների մեջ զինուժը մնա մենակ։ Եվ պետական աջակցություն, քաղաքական դիվանագիտական ինստիտուցիոնալ պատրաստություն, նորից եմ ասում՝ 24 ժամում պետությունը հնարավոր է պատրաստել պատերազմի, և դա բազմաթիվ անգամ փորձարկված մեխանիզմ է։ Հիմա էլ ոչինչ չեն անում բանակի ներուժը, կարողությունները վերականգնելու և ավելացնելու համար։ Սա հստակ մի բան է, որ Նիկոլը և իր խունտան քանդում են Հայաստան պետությունը՝ հայ մարդուն դարձնելով անպաշտպան, կախյալ, քաղաքական և գոյաբանական առումով մուրացիկ։ Այսինքն՝ Հայաստանում նույնիսկ հարուստները լինելու են մուրացկաններ, ապահովված մարդիկ, հեղինակություն, պատիվ, հարգանք ունեցող մարդիկ մեծ առումով, ըստ էության, լինելու են մուրացկաններ։ Մուրալ խաղաղություն Ադրբեջանից, Թուրքիայից, մյուսից, մուրալ անվտանգություն Ռուսաստանի Դաշնությունից և սեփական պաշտպանական կարողությունները հերթական անգամ քանդելով տանելը՝ սա ուղղակի հանցագործություն է արդեն։
Ի՞նչ տարբերություն, նույն Զինված ուժերի մաս է նաև սահմանապահները։ Ամբողջ խնդիրն այն է, թե ինչն են պահելու, որտեղ են պահելու, ինչ մեխանիզմներով և ինչի դիմաց։ Եթե քո դիմաց Ադրբեջանն արդեն իսկ կուտակել է խոշոր զորամիավորումներ, ծանր տեխնիկա, ավիացիա և հրթիռային տեխնիկա, իսկ դու հիմա խոսում ես լրիվ հակառակ գործողությունների մասին՝ նշանակում է, որ դու քո պետության տերը չես։ Եվ ոչ միայն պետությանը տերը չես և նրա անվտանգության երաշխավորը չես, այլև հակառակորդի, թշնամու ներկայացուցիչն ես։
Այն, ինչը տեղի է ունենում հիմա, ինչպես ասում են՝ հետ գնալու տեղ այլևս չկա, այլևս հանդուրժելու տեղ չկա, համբերելու, լավ բան ակնկալելու ոչ մի շանս, այս ՔՊ կոչված, քաղաքական իմաստով՝ հրոսակախումբը տեղ չի թողել։ Զարմանում եմ, որ մինչև այսօր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք դեռևս Նիկոլ Փաշինյանի ասածների մեջ փորձում են հուսադրող բաներ գտնել։ Ո՛չ, մեծ խաբեության, ֆարսի ժամանակը պետք է ավարտել և հայ ժողովրդին պետք է համախմբել՝ սփյուռքը, Հայաստանը, Արցախը։ Համախմբել և հասկանալ, թե վաղն ինչպես ենք կարողանալու մեր պատիվը, արժանապատվությունը, պետությունը, գոյությունն ու խաղաղությունն ապահովել։ Նիկոլ Փաշինյանը վտանգել է մեր խաղաղությունը, կեղծ թեզերը՝ խաղաղության օրակարգը միայն հիմարների համար է, միայն տգետ, մտածել, պատմություն չիմացող, օրվա հացի փողով ապրող մարդկանց համար է։
Նիկոլը պատրաստում է հաջորդ պատերազմը, հաջորդ ողբերգությունը, աղետալի ողբերգությունը։ Հիմա էլ մենք աղետների միջով ենք անցնում, բայց գլոբալ առումով անկարողության և անդառնալիության գործընթացը հիմա շատ վարպետորեն, չգիտեմ՝ ում կողմից է կառավարվում, բայց հաստատ կառավարվում է դրսից, և, բնականաբար, ոչ բարեկամ երկրների կողմից, Հայաստանը քայքայում են։ Արդեն համարում են, որ վերջ, մնացել է մեկ քայլ Արցախն Ադրբեջանին փոխանցելու, և զուգահեռաբար քայքայում են նաև Հայաստանը։ Մենք բազմիցս ասել ենք, որ Սյունիքը ևս վտանգված է 44-օրյա պատերազմից հետո, մենք բազմիցս խոսել ենք, որ հաջորդ թիրախը Սյունիքն է։
– Իշխանությունը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը բոլոր անհասկանալի կամ գուցե իրենց համար հասկանալի իրավիճակներում խոսում է զորքի հայելային հետքաշման մասին։ Հայելային հետքաշման հետևանքները Փառուխում ու Խրամորթում տեսանք։ Եթե հայելային հետքաշման հետևանքներն այդպես են, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մշտապես այդ թեզն առաջ տանում։
– Հիմա պաշտպանական ամրակառույցների, դիրքավորումների և հետագայում որպես փաստ՝ սահմանն ամրագրելու խնդիր են դնում։ Հայելային հետքաշմամբ հիմա ինչքան հետ քաշվեցին, հետագայում դա են արդեն համարելու սահման։ Իսկ հետքաշման դեպքում սրանք գոնե պատկերացնո՞ւմ են, թե քանի հայկական գյուղ է հայտնվելու ուղիղ թշնամու թիկունքում։ Այսինքն՝ ինչ, մենք այնքան տգետ ենք, որ մեր պաշտպանական գիծը տանում ենք բնակավայրերից հե՞տ ենք դնում։ Երկրորդը՝ ունի՞ որևէ երաշխիք, որ Ադրբեջանը հայելային հետքաշում է անելու։ Ես իմ խոսքի սկզբում արդեն ասացի, թե ինչպիսի զորամասեր է տեղակայել Հայաստանի, Արցախի շուրջ, այն տարածքներում, որտեղ մեր ստորաբաժանումներն էին տեղակայված, մինչև սա պատերազմ չհրահրեց։ Այն հսկայակական անվտանգային գոտին, որը մենք ստեղծել էինք 30 տարիների ընթացքում։ Հայելային հետքաշումն ավանտյուրա է, անթույլատրելի ավանտյուրա, որն անպայման բերելու է նորից նոր կորուստների, որը պետք է թույլ չտալ։
– Հայելային հետքաշումը նաև Սյունիքի մարզի վերաբերյալ է ասում։
– Ինքն այդքան ասում է, արդեն 1,5 տարի է՝ ասում է՝ հայելային հետքաշում, Ադրբեջանի կողմից որևէ արձագանք կա՞, ծիծաղում են իր վրա, ով պետք է հետ քաշի, հո ֆինլանդացինե՞րը չեն հետ քաշելու կամ նորվեգացիները։ Ադրբեջանին է, չէ՞, դա վերաբերում, որևէ արձագանք կա՞, որևէ կետից կամ փոքր դիրքից հետքաշում եղե՞լ է։ Խաղաղությունը չի քննարկվում, խաղաղությունը դա նպատակ է, թիրախ, բայց խաղաղությունն ունի իր գինը, որին դու պետք է հասնես։ Խաղաղությունը դատարկ գլխով ու դատարկ ձեռքերով չի լինում, այլ զենքով, ուժով, խելքով, ճիշտ հաշվարկներով է, լավ դիվանագիտությամբ, սեփական երկրի շահեը պահելով է լինում։
Հ.Գ. Դեռ մի քանի օր առաջ ՀՀԿ մի քանի անդամ հերթական անգամ Արցախ էին մեկնել, և քանի որ մեր գործուղումն էլ Արցախ համընկել էր քաղաքական գործիչների այցի ժամանակահատվածի հետ, որոշել էինք, որ Արտակ Զաքարյանի հետ հարցազրույցը հենց Արցախում պետք է անցկացնենք, բայց հանգամանքների բերումով Պաշտպանության նախկին փոխնախարարի հետ մեր զրույցը տեղի ունեցավ Սյունիքի մարզում՝ Սիսիանում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում