ՀՀ ոստիկանությունն արժանապատվորեն է կատարում իր առաքելությունը.Արցախի ՆԳ նախարարի ուղերձը՝ ոստիկանության օրվա առթիվ
Արցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության համակարգում ծառայողի մասնագիտական օրվա առթիվ: Կարեն Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ ոստիկանությունն արժանապատվորեն է կատարում իր առաքելությունը, երկրում պահպանելով օրինականությունն ու կայուն հասարակական կարգը:
«ԱՀ ՆԳ նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ ոստիկանության համակարգում ծառայողի մասնագիտական օրը: Կազմավորման օրից ի վեր՝ արդեն 104 տարի, ՀՀ ոստիկանությունն արժանապատվորեն է կատարում իր առաքելությունը, երկրում պահպանելով օրինականությունն ու կայուն հասարակական կարգը, արժանի լինելով ոստիկանին հատուկ բարձր կոչմանը:
Այս ամենին զուգահեռ՝ Հայրենիքի համար վճռորոշ ժամանակահատվածում, ոստիկանները զինվորագրվել են երկրի պաշտպանությանը և Արցախի գործընկերներ-ծառայողների հետ արել առավելագույնը:
Խոնարհումս հայրենիքի պաշտպանության համար անմահացած ոստիկաններին, երախտագիտություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր շարքերում են և հավատարիմ մնալով տված երդմանը շարունակում են ոստիկանի դժվար ու պատասխանատու առաքելությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի: Համոզված եմ, որ առաջիկայում ևս կշարունակենք մեր համագործակցությունը, որի արդյունքում շահելու է Հայաստանի և Արցախի հանրությունը»,-ասված է շնորհավորական ուղերձում: