«Ազգայի Ժողովի ամբիոնից Փաշինյանը երկու օր շարունակ բղավում է՝ հեռացրեք ինձ, թե չէ ես կվերցնեմ ձեզ ու ձեր պետությունը. նրան շուտով կհեռացնեն». Սերոբ Գասպարյան. «Փաստինֆո»
Վաղը՝ կեսօրից սկսած «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ, Արցախյան ազատագրական պայքարի մասնակից Սերոբ Գասպարյանը «Սև հովազ»-ի զինադրոշով լինելու է Ազատության հրապարակում, այս կերպ իր անհամաձայնությունն ու բողոքը հայտնելու ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի վարած քաղաքականության դեմ։ Այս մասին «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասել է ինքը՝ Սերոբ Գասպարյանը։
«Այն, ինչին մենք ականատես ենք լինում վերջին 2-3 օրերին Ազգային ժողովում, այլ բան չէ, քան սպառնալիք՝ ուղղված հայ ժողովրդին ու նրա գոյությանը։ Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Ազգային Ժողովից բացեբաց հայտարարում է՝ ինքն է սպանել մեր երեխեքին և, եթե հիմա չանենք այնպես, ինչպես ուզում և պահանջում է Ադրբեջանը, ապա մեր երեխեքին նորից մորթելու են։ Այսինքն, այդ անձը սպառնում է մարդկանց՝ նոր պատերազմով, նոր կոտորածով ու կորուստներով»։
Ազատամարտիկը հավելում է՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը սեփական փառքի ու աթոռի համար պատրաստ է ցանկացած ազգուրաց, հակապետական ու հակահայ քայլի. «1918 թվականին ճիշտ այսպիսի խամաճիկ ու թրքահաճո իշխանություն ենք ունեցել, որի արդյունքում պատահեց այն, ինչ պատահեց։ Պատմությունը նույնությամբ կրկնվում է։ Այդ ժամանակ գտնվեց ընդամենը մեկ մարդ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ով հայտարարեց՝ միայնակ կկռվի, բայց թույլ չի տա հանձնվել թուրքին։ Սա եղավ այն կայծը, որի արդյունքում մենք ունեցանք տեղային ինքնապաշտպանական դրվագների փայլուն օրինակներ՝ Սարդարապատի հերոսամարտ, Բաշ – Ապարանը և այլն։ Մարդիկ սակավաթիվ զորքով ու զենքով հաղթանակներ տոնեցին։ Հիմա էլ՝ ճիշտ նույն սցենարով մեզ փորձում են համոզել, որ մենք պարտված ենք, մենք անկարող ենք ու պետք է անենք այն, ինչ թուրքն է պահանջում մեզանից։ Ուրեմն, սրանց ասում եմ՝ որպես քրիստոնյա և հայ ազգի զինվոր, հիմա էլ ես եմ լինելու այն կայծը, որ համախմբելու և պայքարի է ուղղորդելու հայ մարդկանց՝ չհանձնվելու թուրքին։ Վաղը կեսօրից «Սև հովազ»-ի հաղթանակած դրոշով, ես գնալու եմ ու Ազատության հրապարակում մենակով կանգնեմ, տեսնեմ՝ էդ կոչ անողներից քանի՞սը կմիանան ինձ։ Բոլոր նրանք, ովքեր համակարծիք ու համախոհ են ինձ հետ, թող վաղը գան Ազատության հրապարակ, ես այնտեղ եմ լինելու»,- ասում է Սերոբ Գասպարյանը։
Ազատամարտիկը հիշում և հիշեցնում է.«Ինչպես կասեր իմ հրամանատար, իմ մեծ եղբայր, Արցախի հերոս, լեգենդար «Սև Հովազ» Ռուստամ Գասպարյանը, մենք մեր հայրենիքի, ազատության, նամուս – թասիբի համար կյանք ենք դնելու, բայց թուրքի կամակատար չենք դառնալու։ Ժողովուրդ, մենք մեռնում ենք, մեզ սպանում են։ Ավելի լավ է պայքարելով մեռնենք, քան ծնկի իջած։ Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը սա պետք է հասկանա, որովհետև սրան այլընտրանք չկա»։
Անդրադառնալով երեկ Արցախի Ազգային Ժողովի արտահերթ նիստի ընթացքում ընդունված հայտարարությանը, որով երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները կոչ էին անում ՀՀ վարչապետին՝ զերծ մնալ Արցախի վերաբերյալ միանձնյա որոշումներ կայացնելու վնասակար գործընթացից, Սերոբ Գասպարյանը հարկ է համարում նկատել՝ այդ նույն Փաշինյանն էր, որ մի քանի տարի առաջ հայտարարում էր, թե ինքը Արցախի անունից բանակցություններ վարելու կամ որոշումներ կայացնելու իրավասություն չունի, հիմա ի՞նչ է փոխվել.«Այդ մարդն ասում էր, որ ինքն իրավասու չէ հանդես գալ Արցախի անունից, որովհետև Արցախում ապրող քաղաքացիներն իրեն ընտրելու քվե չեն տվել։ Հիմա ի՞նչ փոխվեց, չեմ հասկանում, ի՞նչ է պատահել։ Նորի՞ց ես խաբում ժողովրդին, Նիկոլ։ Ազգային Ժողովում նստած մի քանի առևտրական ստրուկների հետ միասին Արցախի ճակատագի՞րն ես ուզում որոշես։ Չի ստացվելու, չես հասցնելու ուրանաս և վաճառես Արցախը, այդ մենք ենք ասում, Նիկոլ»։
Սերոբ Գասպարյանը վստահ է՝ Փաշինյանը ստում է, երբ հայտարարում է, թե միջազգային կառույցները ստիպում են գնալ այս կամ այն ստորացուցիչ նվաստացումներին ու զիջումներին. «Ամբողջ խնդիրը քո անձի մեջ է Նիկոլ։ Մեզ ոչ ոք ոչինչ չի ստիպում, այդ քեզ են ստիպում, անձնապես քեզ։ Միջազգային հանրությունն, ուղղակի, համբուրում է հաղթողի ճակատը, թեև նա բոլոր տեսակի արգելված զենքերով խփում էր մեզ։ Պարտվողներին մնում է միայն սեփական ճակատից մաքրել նվաստացման ստորացուցիչ թուքն ու միջազգային հանրության թողած կոշիկների հետքերը։ Բանակցությունն առևտուր է։ Ոչ ոք պարտվողի հետ առևտրի մեջ չի մտնում, նրան ոչինչ չեն տալիս, նրանից, բիրտ ուժով միայն ու միայն խլում են այն ամենն, ինչ հնարավոր է խլել, ինչն էլ այսօր անում է Ադրբեջանը։ Դու իրավունք չունես ներկայանալու որպես Հայաստանի անունից առևտուր անող անձ, դու ստորացվել ես»։
Ամփոփելով զրույցը ազատամարտիկը զգաստության կոչ է անում.«Ժամանակ այլևս չունենք։ Մեզ համար այն այլևս սպառվել է։ Չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչո՞ւ այսպես եղավ։ Այդ ամենն, առանց այն էլ՝ պարզ է։ Հիմա ուզում եմ միայն սթափության կոչ անել՝ եթե հենց հիմա զանգը չխփենք, եթե հենց հիմա ոտքի չկանգնենք, Հայաստան աշխարհը այլևս չի լինելու։ Արդեն Հայաստանի դրոշն են իջեցնում։ Այսօր առավոտյան ինձ ասացին, որ Երասխի հատվածում կանգնեցված մեր դրոշն իջեցրել են։ Փաշինյանը կհեռանա շատ շուտով։ Ազգայի Ժողովի ամբիոնից երկու օր շարունակ նա բղավում է՝ հեռացրեք ինձ, թե չէ ես կվերցնեմ ձեզ ու ձեր պետությունը։ Հետևաբար, Փաշինյանին հեռացնողներին այլընտրանք չի մնում, նրան շուտով կհեռացնեն»,- ասում է Սերոբ Գասպարյանը։