«Երևանի սպորտ կոմիտեի» լուծարման հարցը Երևանի ավագանու օրակարգում է

Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգում ընդգրկված է «Երևանի սպորտ կոմիտե» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին հարցը, որը կքննարկվի ապրիլի 19-ին:

Որոշման նախագծում նշված է, որ «Երևանի սպորտ կոմիտե» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է Երևանի ենթակայության կազմակերպություն, որի գործունեության հիմնական առարկան և նպատակն է Երևան քաղաքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զանգվածայնացումն ու զարգացումը, ազգաբնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորումն ու տարածումը, Երևան քաղաքում մարզական միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, Երևանի ենթակայության մանկապատանեկան մարզադպրոցների մեթոդական աշխատանքների կազմակերպմանը աջակցելը և այլն: Երևանի քաղաքապետի 24.07.2020 թվականի N2205-Ա որոշմամբ հաստատվել է «Երևանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը, համաձայն որի՝ նշված ՀՈԱԿ-ի աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է 16:

«Նշված ՀՈԱԿ-ն իր 16 հաստիքով ըստ էության կատարում է այն աշխատանքը, որը բխում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գործառույթներից և իրականացվում է այդ բաժնի կողմից: Հաշվի առնելով վերոգրյալ հանգամանքը, ինչպես նաև այն, որ նախատեսվում է աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը վերակազմավորել վարչության, որն առավել արդյունավետ կիրականացնի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից բխող գործառույթները, այդ թվում՝ այն գործառույթները, որոնք հանդիսանում են «Երևանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ-ի գործունեության առարկան, Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում «Երևանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ-ը լուծարելու վերաբերյալ Երևան քաղաքի ավագանու որոշման նյախագիծը»,- նշված է որոշման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս