Վտանգավոր լռություն՝ մեծ պայթյունից առաջ
Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գեներացնում է ատելություն, չափազանց վտանգավոր ատելություն։ Խոսքն այս կամ այն նախկինի հանդեպ ատելության մասին չէ, դա արդեն անցյալ է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գեներացնում է երևութական ատելություն, որը շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան նախկինների դեմ կուտակված մաղձը։ Նրա, նրա թիմակիցների ամեն մի ելույթ, հրապարակային խոսք, ամենամեղմ ձևակերպմամբ, անարգանք է առողջ բանականությանը, պետությանը ու պետականությանը, քաղաքացիականությանն ու արժանապատվությանը։
Արցախի, Հայաստանի մասին նրա թեզերը, ամեն ինչ հանձնելու նրա ռազմավարությունը, այդ հանձնումներն ապագայում թվացյալ լավ կյանքով արդարացնելու նրա ու նրա սպասարկուների փորձերը սոսկ հակահայկական չեն, դրանք հակամարդկային են՝ իրենց անբարոյականությամբ ու ցինիզմով։
Նիկոլ Փաշինյանին ու նրա մահապարտ քարոզիչներին լսող ցանկացած նորմալ մարդու մոտ, ահա, առաջանում է ատելություն, ուժգին ատելություն, մարդիկ ուղիղ եթերում տեսնում են, թե ինչ է արել ու ինչ է պատրաստվում անել անսուրբների մի խմբակ իրենց հայրենիքի հետ, որն ունի հազարամյակների պատմություն, որտեղ հանգչում են իրենց գերդաստանների նահատակները։
Այդ ատելությունը չի առարկայանում ու գործողության չի վերածվում ընդամենը քաղաքական առաջնորդության ու ընդդիմության ամլության պատճառով, ինչը բազմապատկում է ատելության վտանգավորությունը։ Քաղաքականապես ուղղորդվող ցասումը, դժվարությամբ, այդուհանդերձ կարող է մնալ քաղաքական տիրույթում ու հանգեցնել քաղաքական լուծումների։ Առանց ուղղորդման այդ ցասումը, սակայն, կարող է պայթել երկնքում, անսպասելիորեն ու առանց հետևանքների հաշվարկման։
Հանրային հոգեբանությունը հիմա ամեն օր կուտակում է բացասական էներգիայի սարսափելի չափաբաժին, որը, քաղաքական առաջնորդության բացակայության պատճառով, չի պարպվում, չի վերածվում կոնկրետ քաղաքական հետևանքներ ենթադրող գործողությունների։ Բայց դա երկար տևել չի կարող։
Սխալ է, երբ արցախյան պատերազմի՝ արդեն անթաքույց անարգվող զոհերի արժանապատվությունը պաշտպանում են միայն զոհերի ծնողները։ Նրանց երեխաները զոհվել են ոչ թե ծնողների, այլ բոլորիս հայրենիքի համար։ Բայց այսօր, կրկին քաղաքական ու հասարակական համարժեք կառուցակարգերի բացակայության պատճառով, զոհերի առանձին ծնողներ ստիպված են իրենց երեխաների հիշատակն անարգողների դեմ պայքարել անհատական քայլերով, գրառումներով, որոնց ամեն տառը գրելու համար անմարդկային ճիգեր են պահանջվում։ Մենք միայնակ ենք թողել զոհերի ծնողներին՝ ոչ միայն իրենց անասելի վշտի, այլ նաև՝ իրենց երեխաների հիշատակի պաշտպանության գործում, որը ոչ թե անհատական, այլ հասարակական պարտավորություն է։ Մենք չենք ամաչում զոհերի ծնողներից։
Դա վտանգավոր է։
Նիկոլ Փաշինյանն իր կողմից գեներացվող ատելության մասին չի մտածում։ Նրա իրական հոգսը Ադրբեջանի հանդեպ սիրո գեներացումն է, որով զբաղված է ողջ աշխատանքային ու ոչ աշխատանքային օրվա ընթացքում։ Բայց եթե նրա ադրբեջանատենչ զեղումները կարող են ֆիզիկական և նյութական օգուտներ ապահովել իր ու իր խմբակի համար, ապա գեներացվող ատելության անսպասելի պայթյունը վնասելու է առանց այդ էլ բզկտված պետությունն ու պետականությունը։
Հայաստանն ու Արցախն ապրում են օդում կախված պայթյունի սպասումով, թվացյալ սովորականությունն էլ ավելի շատ նման է մեծ պայթյունից առաջ պատահող վտանգավոր լռությանը։
Ռումբերը պայթյունից առաջ չեն զգուշացնում։
Հարություն Ավետիսյան