Ղարաբաղի հարցն օգտագործվել է որպես իշխանության հասնելու և դա պահելու պատճառ. Փաշինյան

«Որոշ վայ ընդդիմադիր ուժեր փորձում են մեր ժողովրդի մեջ սերմանել այն թյուր միտքը, թե իբր ժողովրդավարությունը և անվտանգությունը պետք է հակադրվեն իրար, այլ կերպ ասած՝ եթե ընտրել ենք ժողովրդավարությունը, դրանով իբր զիջում ենք անվտանգությունը: Ես կցանկանայի լսել ձեր մեկնաբանությունը սրա մասին»,- այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց իշխանական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է անկեղծ և ազնիվ լինել ու տեղի ունեցածը գենետիկ մակարդակում հասկանալ. «Իմ գնահատականն այն է, որ մենք իրականում շատ ուշացել ենք ժողովրդավարության հարցում, և դա է պատճառը, որ մենք առերեսվում ենք այս ամեն ինչին: Մենք չպետք է խոսենք ժողովրդավարության-չժողովրդավարության համատեքստում՝ Ձեր հարցի կոնտեքստում, մենք պետք է խոսենք այն  մասին, թե մենք ինչքանով ենք կարողացել մրցունակ պետություն ստեղծել՝ մրցունակ ինստիտուտներով: Այս հարցի պատասխանը ես, ճիշտ չէ, որ տամ, որովհետև այս հարցի պատասխանը ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն: Այդտեղ է խնդիրը, թե ինչպես ենք մենք քաղաքականություն վարել: Եկեք խոստովանենք, որ մենք վարել ենք պայթյունը հետաձգելու քաղաքականություն: Սա այնքան հստակ է»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Չմոռանանք, որ առաջին պատերազմում հաղթանակը տարվել է ժողովրդավարության պայմաններում»:

Փաշինյանը հավելեց. «Ոչ մի գաղտնիք չկա, որ Ղարաբաղի հարցն օգտագործվել է ՀՀ-ում իշխանության հասնելու և իշխանություն պահելու համար. ո՞վ չգիտի դա, ես գաղտնիքներ հո չե՞մ բացահայտելու: Հետո, ըստ էության, այո, այդ նույն մարդիկ մտածեցին, և պատերազմից առաջ էլ էր դա իրենց պլանը, որ Ղարաբաղի հարցով է պետք… որովհետև իրենք մի անգամ 1998թ. Ղարաբաղի հարցով են դա արել, հիմա էլ էլի ուզում են Ղարաբաղի հարցով անել: Միևնույն ժամանակ, չտալով հարցերի պատասխաններ: Ժողովրդավարությունը միջոց է, որ երկիրը լինի մրցունակ: Մեր ժողովրդի հոգուն, պատկերացումներին համարժեք համակարգը հենց դա է: Իմիջիայլոց, կառավարման համակարգի հարցում էլ եմ համոզվել ընտրություններից հետո, որ խորհրդարանական կառավարման համակարգը կառավարման ճիշտ ձև է»:

Տեսանյութեր

Լրահոս