
Վերին Լարսն այսօր. վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը փակ է

: Երթեւեկությունը Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանի ուղղությամբ արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այդ մասին ասվում է Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում: Հատուկ ռեժիմը նշված տարածքում սահմանվել է անբարենպաստ եղանակի պատճառով:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ արգելքը գործում է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում, որտեղ գրանցվել է ձնահյուսերի վտանգավորության միջին մակարդակ: Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը բնակչությանը հորդորում է՝ ճանապարհների վրա պահպանել սահմանված ռեժիմները: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին՝ այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհը, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել է Sputnik-ը: