Բաժիններ՝

Բումն այդ ժամանակ էր. մենք դրա վրա չէ, որ պետք է մեր հույսը դնենք. Մեխակ Ապրեսյանը՝ զբոսաշրջության միտումների մասին

2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 250-798 զբոսաշրջիկ. ֆեյսբուքյան իր էջում օրերս հայտնել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով նաև համեմատական տվյալներ այլ տարիների հետ։

168.amՏուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանից հետաքրքրվեց՝ օբյեկտի՞վ է արդյոք ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստան ժամանողների ցուցանիշները համեմատել նախորդ տարիների ցուցանիշների հետ՝ ընդգծելու ահռելի դրական տարբերությունը:

Ի պատասխան՝ մասնագետը մանրամասնեց, որ անկախ պատճառներից՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստան այցելողները համարվում են զբոսաշրջիկներ, և այդ իմաստով՝ հրապարակված ցուցանիշն օբյեկտիվ է:

«Այսինքն՝ նրանք, ըստ էության, դրսի աշխատած գումարը ծախսում են Հայաստանում, Հայաստանի տնտեսության վրա ձևավորում են պահանջարկ. բոլոր դասական զբոսաշրջիկ համարվողների նման ազդեցություն են ունենում մեր երկրի տնտեսության վրա:

Դրան զուգահեռ, օրինակ, շատերը, որոնք պլանավորել էին նույն ՌԴ-ից գալ հանգստի նպատակով, իրենց այցելությունները չեղարկել են՝ պայմանավորված իրավիճակով, ռուբլու արժեզրկմամբ, թռիչքների տոմսերի գների բարձրացմամբ»,- պարզաբանեց Մեխակ Ապրեսյանը:

Նա, սակայն, շեշտեց՝ հույսը չպետք է դնել այդ ցուցանիշների վրա. ոլորտում համալիր միջոցառումներ են անհրաժեշտ:

Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք այցելությունների այս թիվը կպահպանվի ողջ տարվա ընթացքում, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը պատասխանեց.

«Բումն այդ ժամանակ էր. հիմա էլ, եթե գալիս են, մեծ չի քանակը, և մենք դրա վրա չէ, որ պետք է մեր հույսը դնենք: Մենք շատ գործ ունենք անելու, մենք համալիր միջոցառումներ պետք է իրականացնենք՝ և՛ ինստիտուցիոնալ բարեփոխումների, և՛ ակտիվ մարքետինգային քաղաքականության առումով, և՛ Հայաստան միջազգային միջոցառումներ բերելով, որպեսզի ցույց տանք՝ ապահով, գրավիչ, անվտանգ երկիր է:

Եվ մենք ոչ թե հիմա պետք է ուրախանանք- ասենք՝ այսքան այս պահին եկան Ուկրաինայից, Ռուսաստանից (լավ է, որ գոնե այդքանը եկան և մեր վակուումը լրացրին, որովհետև դա այն ակտիվ սեզոնը չէր զբոսաշրջային), բայց մենք պետք է ամեն ինչ անենք, իրենց գալն առավելագույն օգտագործենք, որ աշխարհը տեսնի՝ նրանց վստահեցմամբ, թե ինչքան լավն է Հայաստանը, ինչքան անվտանգ են, որպեսզի մեր գրավչությունը ապահովենք»:

Մեխակ Ապրեսյանը համոզված է՝ ճիշտ աշխատելու դեպքում, եթե նոր արհավիրք չլինի, և տարածաշրջանում իրավիճակը կայունանա, հնարավոր է հասնել 2019 թվականի ցուցանիշին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս