Եվրոպան չի անդրադառնալու Արցախի հիմնահարցին, որովհետև համարում է, որ այդ խնդիրներով զբաղվող մարմիններ կան. Լարիսա Ալավերդյան
ՀՀ արտգործնախարարությունը երեկ երեկոյան տեղեկացրեց, որ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ:
Նախարարները, ըստ պաշտոնական հաղորդագրության, մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։
Նկատենք՝ բրյուսելյան օրակարգը, որը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ քննարկվել էր Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, ևս շեշտադրում էր դելիմիտացիայի և դեմարկացիայի անհրաժեշտությունը:
168.am–ը իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց՝ ակնհայտ էթնիկ զտման վտանգի տակ գտնվող Արցախի անորոշ կարգավիճակի պարագայում դելիմիտացիայի և դեմարկացիայի գնալն ի՞նչ հետևանքներ կունենա, և ինչո՞ւ քաղաքակիրթ Եվրոպան չի նկատում Հայաստանին ու Արցախին ուղղված անվտանգային սպառնալիքները:
Իրավապաշտպանը նախ նկատեց, որ Եվրոպան միշտ հղում է անելու միջազգային, ԵԽ ներքո գործող սկզբունքներին և իր տիրույթում չի դիտարկում նմանատիպ հարցերը, ապա հավելեց, որ խնդիրը չպետք է դիտարկել դրսում.
«Երբ մենք մեղադրենք Եվրոպային, նրանք միշտ ասելու են՝ ինչ է՝ մենք ասել ենք՝ մի՛ պաշտպանեք սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքնե՞րը. ո՛չ»:
Ի դեպ, նա արձանագրեց՝ ԵԱՀԿ կողմից պատրաստված հատուկ խորհրդատվական ձեռնարկում նշվում է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացներում վտանգված գյուղերի մասին:
«Նշվում է, որ այդպիսի գործընթացների ժամանակ հանձնաժողովներում պետք է ընդգրկվեն ոչ միայն պետական և համապատասխան մարմինների ներկայացուցիչներ, գիտնականներ ու նեղ մասնագետներ, այլև գործընթացներին առնչվող և վտանգված գյուղերի բնակիչներ:
Գրված է նաև, որ այս ամենը պետք է տեղի ունենա քաղաքական կոնսենսուսի պայմաններում. բոլոր քաղաքական ուժերի հետ այդ գործընթացները նախապես պետք է քննարկվեն:
Այստեղ է, որ ոչ միայն թերանում է Հայաստանը, այլ պարզապես արհամարհում ԵՀԱԿ կողմից տրված խորհրդատվությունը: Իշխանությունները գործընթացներում ոչ միայն չեն ընդգրկում պառլամենտական ընդդիմությանը, այլև՝ սպասվող գործընթացներին առնչվող համայնքներում ապրողներին: Նշանակում է, որ այդ գործընթացով ՀՀ-ն ինքը ոտնահարում է իր քաղաքացիների՝ Համընդհանուր հռչակագրով կամ այլ փաստաթղթերով սահմանվող իրավունքները»:
Իրավապաշտպանը հիշեցրեց նաև, որ Համընդհանուր հռչակագրի ընդունումից մեկ օր առաջ ընդունվել էր նաև Ցեղասպանության կանխարգելման և դրա համար պատժի մասին կոնվենցիան, որը համարվում է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված առաջին պարտադիր միջազգային պայմանագիրը:
Նա շեշտեց, որ այս կոնվենցիայում շարադրված է այն, ինչ բացեիբաց անում է Ադրբեջանը.
«Միտումնավոր ստեղծում են այնպիսի պայմաններ մի խմբի, այն է՝ հայերի համար, որ անհնարին դարձնի նրանց այդտեղ բնակվելը: Դա իմ նշած կոնվենցիայի 2–րդ հոդվածի 3-րդ ենթակետն է»:
«Ես այստեղ տեսնում եմ ուղղակի ոտնձգություն թե՛ Ադրբեջանի կողմից, որը շարունակում է իր ցեղասպանական գործողությունները հայերի հանդեպ, և թե՛ Հայաստանի Հանրապետության իշխանությունների, որոնք ոտնահարում են այդ նույն բնակիչների իրավունքները՝ նրանց չընդգրկելով այդ գործընթացներում:
Այստեղ անմիջապես գալիս է հարցը՝ Եվրոպան անդրադառնալո՞ւ է Արցախի հիմնահարցին. ո՛չ, չի՛ անդրադառնալու, որովհետև համարում է, որ այդ խնդիրներով զբաղվող մարմիններ կան՝ ինչպես պետական մակարդակով, այնպես էլ՝ գրեթե ցրված ԵԱՀԿ Մինսկի խումբը: Եվրոպան այդ առումով իր տեխնոլոգիաներով մաքուր է դուրս գալու. մեր պահանջատիրությունը պետք է լինի մեր պետական մարմինների հանդեպ:
Եվ մենք պետք է հստակեցնենք՝ մինչև չկանխվեն Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները, Ադրբեջանը շարունակելու է դա անել ամենատարբեր ձևերով»,- եզրափակեց իրավապաշտպանը: